Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու 48-ամյա Սամվել Ավագյանի՝ կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները։
Ըստ կոմիտեի, հոկտեմբերի 3-ին՝ ժամը 20:35-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի հրազենային վնասում, ներորովայնային սուր արյունահոսություն, հեմոռագիկ շոկ ախտորոշմամբ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասի 8-րդ փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի Նորագավիթի բնակիչ, 1969 թվականին ծնված Սամվել Ավագյանը:
Դեպքի առթիվ նույն օրը Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք) 1-ին մասով, ստեղծվել է քննչական խումբ:
«Սամվել Ավագյանը ճանաչվել է որպես տուժող, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում դիտարկվող հասցեում գտնվող տաղավարում՝ առկա սեղանի և հարակից պատի վրա, հայտնաբերվել են հրազենային վնասվածքի նմանվող հետքեր: Հարցաքննվել են երկու տասնյակից ավել անձինք: Քրեական գործով նշանակվել են դատաձգաբանական և դատաքիմիական համալիր և դատաբժշկական փորձաքննություններ», - նշում է կոմիտեն՝ շարունակելով. - «Քրեական գործով մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին: Այսօր ժամը 06:30-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ Ս. Ավագյանը, գիտակցության չգալով, մահացել է»։