Կատալոնիայում այսօր գործադուլ է: Այդ կերպ կատալոնացիներն իրենց բողոքն են հայտնում անցած կիրակի անկախության հանրաքվեի ընթացում ոստիկանների գործադրած բռնությունների դեմ: Վերջին տվյալներով՝ ոստիկանների և հանրաքվեի մասնակիցների բախումների հետևանքով տուժել է մոտ 1000 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք և իրավապահներ:
Այսօր փակ են Բարսելոնայի մետրոպոլիտենի կայարանների դռները: Մարդիկ փակել են նաև քաղաքի գլխավոր փողոցները, հանրային ծառայողները դուրս են եկել իրենց հիմնարկներից: Սակայն, խանութների, սրճարանների ու ռեստորանների մի մասն է միայն մասնակցում այսօրվա գործադուլին: Ցուցարարները փակել են նաև կառավարական որոշ շենքերի մուտքերը:
Իսպանիայի երկու խոշոր արհմիութենական միությունները, սակայն, հրաժարվել են միանալ կատալոնացիների հայտարարած գործադուլին: Պատճառը անկախության հռչակման կոչերն են: Միությունները չեն ընդունում Կատալոնիայի անկախությունը՝ նախօրեին ընդունած հայտարարությամբ դատապարտելով անկախանալու կոչերը: Նույն հայտարարության մեջ, այդուհանդերձ, քննադատվել են նաև ոստիկանական բռնությունները: Արհիմությունները նշել են՝ հակամարտության հանգուցալուծումը պետք է գտնվի Մադրիդի հետ բանակցությունների ճանապարհով:
Կատալոնիայի ճգնաժամը ժողովրդավարական ճանապարհով և երկխոսության միջոցով լուծելու կոչերով են հանդես եկել ՄԱԿ-ը և Եվրամիությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Իսպանիայի իշխանություններին հորդորել է Կատալոնիայում ստեղծված իրավիճակը կարգավորել ժողովրդավարական միջոցներով: Գուտերեշը Մադրիդին նաև կոչ է արել անաչառ կերպով քննել բռնությունների բոլոր դեպքերը:
Կատալոնիայի անկախության հանրաքվեին և դրան հաջորդած զարգացումներին արձագանքել են նաև առանձին երկրներ: «Ասոշիեյթեդ Պրես» գործակալության հաղորդմամբ, հայտարարություն է արել Կիպրոսի ԱԳՆ-ն, նշելով՝ պետք է հարգել Իսպանիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ անկախության հանրաքվեն խախտում է Իսպանիայի Սահմանադրությունը: Առաջ շարժվելու միակ ճանապարհը երկխոսությունն ու զսպվածությունն է, նշել է Նիկոսիան: «Ասոշիեյթեդ Պրես»-ը հիշեցնում է, որ Կիպրոսն ինքը բաժանված է երկու՝ հունական և թուրքական մասերի:
Թուրքիայի ԱԳՆ խոսնակը ևս այսօր հայտարարություն է տարածել, սատարելով Իսպանիայի տարածքային ամբողջականության պահպանմանը: Շոտլանդիայի ԱԳՆ-ն էլ հայտարարել է՝ Կատալոնիային պետք է սեփական ճակատագիրը որոշելու հնարավորություն տրվի: «Իսպանիան կպնդի, որ հանրաքվեն անօրինական է, բայց Իսպանիան, ինչպես և եվրոպական ու միջազգային հանրությունը չի կարող անտեսել արտահայտված ձգտումները»,- հայտարարել է Շոտլանդիայի ԱԳ նախարարը: Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը, հիշեցնենք, ողջունել է նաև Լեռնային Ղարաբաղը: