Մատչելիության հղումներ

Կատալոնացիների մեծամասնությունն անկախության կողմնակից է


Իսպանացի իրավապահները փորձում են կանխել կատալոնացիների քվեարկությունը, Բարսելոնա, 1-ը հոկտեմբերի, 2017 թ.

Եվրամիության խոսնակ Մարգարիտիս Սկինասն այսօր հայտարարել է, թե կատալոնական հանրաքվեն ապօրինի էր:

Նախօրեին Կատալոնիայում զանգվածային բռնություններով ուղեկցված հանրաքվեից հետո պաշտոնական Մադրիդը պնդում է, թե անկախականների ծրագիրը ձախողվել է, իսկ կատալոնացիների ղեկավարներն ասում են, որ երկրամասի ժողովուրդն անկախ պետություն ստեղծելու իրավունք է ստացել:

«Հուսո և տառապանքի այս օրը Կատալոնիայի քաղաքացիները վաստակեցին հանրապետության ձևաչափով անկախ պետություն կերտելու իրավունքը, ուստի՝ իմ կառավարությունն առաջիկա օրերին հանրաքվեի արդյունքը կներկայացնի խորհրդարան, որտեղ մեր ժողովրդի ինքնիշխանությունն է, և այն կընդունի մարդկանց կամարտահայտության վրա հիմնված օրենք»,- ասել է Կատալոնիայի նախագահ Կարլես Պույդեմոնը:

Երեկվա հանրաքվեն, որի թե՛ անցկացումը, և թե՛ արդյունքը Մադրիդն ապօրինի է համարում, ուղեկցվել է զանգվածային ցույցերով և ընտրատեղամասերը փակելու հրահանգ ստացած ոստիկանության հետ բախումներով: Երկրամասի առաջնորդ Պույդեմոնն ասել է, որ հոկտեմբերի 1-ը կատալոնացիների համար հաղթանակ էր միանգամից մի քանի հանրաքվեներում:

«Մենք ստացանք մեր տեսակետը հայտնելու, հարգանքի և ճանաչման արժանանալու իրավունք: Միլիոնավոր մոբիլիզացված մարդիկ, անտեսելով դժվարությունները և սպառնալիքները, հստակ և բարձրաձայն արտահայտվեցին: Մենք հղեցինք ուղերձ աշխարհին առ այն, որ ունենք մեր ապագան տնօրինելու և ազատ ապրելու իրավունք, մենք ուզում ենք ապրել խաղաղության մեջ, առանց բռնության, անկախացած այն պետությունից, որն ի զորու է առաջարկել միայն պարտադրանք և բիրտ ուժ»,- ասել է Պույդեմոնը:

Մինչդեռ, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի պնդմամբ, հոկտեմբերի 1-ը ոչ թե ինքնորոշման հանրաքվե էր, այլ ծխածածկույթ, որի քողի տակ իրականացվում է դեմոկրատական հասարակությանն ու օրենքին հարվածելու ռազմավարությունը: «Այս անպատասխանատու քաղաքական ռազմավարության միջոցով ոմանք ցանկանում են լռեցնել այլ կարծիք ունեցողներին, խախտել այդ մարդկանց հիմնարար իրավունքները, հետևաբար՝ նրանք հատել են դեմոկրատական տարրական վարվելակերպի սահմանները»,- ասել է Ռախոյը:

Կատալոնիայի տեղական իշխանության փոխանցմամբ, երկրամասի 7,5 միլիոն բնակիչներից ձայնի իրավունք ունի 5 միլիոն 340 հազարը: Նրանց ավելի քան 42 տոկոսը մասնակցել է քվեարկությանը, և մասնակիցների գերիշխող մեծամասնությունը՝ 90 տոկոսն անկախության օգտին է քվեարկել: Այս տվյալները հրապարակել է Կատալոնիայի տեղական վարչակազմի խոսնակ Ժորդի Տրուլը՝ հավելելով, թե անկախությանը դեմ է քվեարկել 176 հազար 566 մարդ: Դա ընտրողների 7, 8 տոկոսն է:

Երեկվա բախումներում վնասվածք է ստացել ավելի քան 900 մարդ, այդ թվում մոտ 3 տասնյակ ոստիկան: Իսպանիայի փոխվարչապետ Ռաֆայել Կատալան ասել է, թե Մադրիդը կարող է կիրառել Սահմանադրության 155-րդ հոդվածը և չեղյալ հայտարարել Կատալոնիայի ինքնավարությունն այն դեպքում, եթե երկրամասի խորհրդարանն անկախություն հռչակի: Իսպանիայի սահմանադրական դատարանն արգելել է կատալոնական հանրաքվեի անցկացումը, վճռելով, որ այն հակասում է 1978 թվականի Սահմանադրությանը, որով դիկտատոր գեներալ Ֆրանցիսկո Ֆրանկոյի մահվանից հետո Իսպանիայում վերականգնվել է դեմոկրատիան:

Կատալոնիայի ղեկավար Կարլես Պույդեմոնն այսօր հայտարարել է, թե չի ցանկանում Իսպանիայի հետ «կապերի դրամատիկ խզում» և դրա փոխարեն ձգտում է «նոր փոխըմբռնման»: Այսօր կատալոնական հանրաքվեին է անդրադարձել և ոստիկանների կոշտ գործողությունները դատապարտել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի պաշտպան Ժերար Պիկեն, ով ասել է, թե հարկ եղած դեպքում պատրաստ է հեռանալ հավաքականի կազմից:

«Ես կատալոնացի եմ, այսօր առավել քան երբևէ ես հպարտ եմ Կատալոնիայի ժողովրդի համար»,- ասել է Պիկեն և շարունակել․ «Կառավարությունն իրականացնում է անցած 40-50 տարում ամենավատ քաղաքականությունը: Նրանք ամեն բան անում են Իսպանիայի և Կատալոնիայի միջև անջրպետն էլ ավելի խորացնելու համար: Ես համոզված եմ, որ սա անհետևանք չի մնա, բայց մենք մի վարչապետի ձեռքում ենք, ով այդ մակարդակն ունի: Նա շրջում է աշխարհում նույնիսկ անգլերեն չիմանալով, շատ-շատ բարդ վիճակ է»:

Միջազգային հանրությունը մտահոգություն է հայտնել կատալոնական զարգացումների հետ կապված: Մինչդեռ, Եվրամիության խոսնակ Մարգարիտիս Սկինասն այսօր հայտարարել է, թե կատալոնական հանրաքվեն ապօրինի էր: «Իսպանիայի Սահմանադրության համաձայն, երեկ Կատալոնիայում տեղի ունեցած քվեարկությունն ապօրինի էր: Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բազմիցս ընդգծել է, որ դա Իսպանիայի ներքին գործն է, և պետք է կարգավորվի Իսպանիայի Սահմանադրության նորմերով»,- ասել է ԵՄ խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG