Մատչելիության հղումներ

Ոստիկանությունն Ախալքալաքում անհամաչափ ուժ է կիրառել. ՀՀԿ պատգամավոր


Հանրապետական կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն անհամաչափ է որակում Ախալաքալակի շրջանի Կումուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ոստիկանների գործողությունները։

«Սա հարիր չէ հայ-վրացական բարեկամությանը, ոստիկանների գործողություններն անհամաչափ եմ դիտարկում։ Կարծում եմ, որ սա այն խնդիրը չէր, որ ոստիկանությունն ուժ կիրառեր։ Վրացական հոգևոր և աշխարհիկ իշխանությունները պետք է ավելի բարյացակամ դիրքորոշում որդեգրեն այդ խաչքարի տեղադրման հարցի հետ կապված», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։

Թորոսյանը հորդորեց Կումուրդոյի բնակիչներին՝ զուսպ լինեն, հարգալից՝ իշխանության մարմինների նկատմամբ։ «Սա այն խնդիրը չէ, որ բախումներով, սրացումներով, այրամբ և այլ անհամարժեք գործողություններով լուծվեն։ Այստեղ կա հարց՝ խաչքարի տեղադրման հարց, որն անտեղի սրվել է, և այս հայտնաբերված ոսկորների հուղարկավորության հետ խնդիրն այսօրվա խնդիր չէ, խաչքարի տեղադրման խնդիրն էլ այսօրվա չէ, քանի որ առաջիկայում տեղական ինքնակառավարման ընտրություններ են, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ հնարավոր է նաև սադրանք փնտրել այս ամենի մեջ», - ասաց Թորոսյանը։

Հարցին, թե ո՞ւմ կողմից է սադրանքը, Թորոսյանը պատասխանեց. - «Նրանց, ում ձեռնտու է ջուրը պղտորել և այնտեղ ձուկ որսալ։ Կգտնվեն այդպիսի քաղաքական ուժեր, մարդիկ, թեկնածուներ, որոնց համար շատ նպաստավոր է նման վիճակը, բայց անձնական, կամ նեղ խմբակային շահերը մենք պետք է կարողանանք ստորադասել շատ կարևոր հայ-վրացական բարիդրացիությանը, բարեկամական հանաբերություններին»։

Թորոսյանի համոզմամբ, նմանատիպ միջադեպերը չեն բխում ո՛չ Հայաստանի, ո՛չ Վրաստանի, ո՛չ ջավախահայության շահերից։ «Եվ այստեղ ուրախանում են միայն մեր թշնամիները։ Այսօր համացանցը լեփ-լեցուն է թուրք-ադրբեջանական մեկնաբանություններով, հոդվածներով ու վերլուծություններով՝ թե ինչպես են ծայրահեղականները իրենց հերթական հակավրացական ակցիան կազմակերպել, բայց իրականում այստեղ որևէ խնդիր չկա, և ես նշեմ, որ տարեկան տասնյակ խաչքարեր են տեղադրվում Ջավախքում, տասնյակ եկեղեցիներ են վերանորոգվում, վերաօծվում, այսինքն՝ այս թեմայի շուրջ մենք վրացական իշխանությունների հետ ոչ մի խնդիր չունենք», - ասաց պատգամավորը։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է դիմադրություն առաջացել, Թորոսյանը պատասխանեց. - «Մի կողմից սադրանքի էլեմենտը կարող է լինել, մյուս կողմից քանի որ եկեղեցին ինքը հունադավան է, օրթոդոքս է, ուղղափառ է, այսինքն՝ վրացական դավանանքի է, բայց այստեղ եկեղեցու պատկանելության շուրջ որևէ մեկը վեճ չի տանում, վիճարկում չկա այստեղ, ուղղակի խաչքարի տեղադրման մասին է խոսքը։ Ենթադրելի է, որ գուցե մտածում են, որ խաչքարը տեղադրելուց հետո կարող է եկեղեցու պատկանելության շուրջ վիճաբանությո՞ւն առաջան, բայց չկա այդպիսի բան»։

Հիշեցնենք՝ Կումուրդոյի եկեղեցու տարածքում խաչքար տեղադրելու հարցի շուրջ վիճաբանություն, ապա ծեծկռտուք էր տեղի ունեցել տեղի հայերի և ոստիկանության ներկայացուցիչների միջև:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG