Մատչելիության հղումներ

Հարություն Խաչատրյանի կողմնակիցները վստահ են, որ նա հիմնովին կբարեփոխի Կինոգործիչների միությունը


ԿԻնոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, արխիվ:

Անվանի կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի մահվանից հետո Հայաստանի կինոգործիչների միությունը նոր ղեկավար կունենա առաջիկա շաբաթ օրը, երբ տեղի կունենա միության արտահերթ համագումարը:

Կինոգործիչների մի բավական պատկառելի խումբ մտադիր է ոչ միայն նոր նախագահ ընտրել, այլև նորընտիր նախագահի շնորհիվ հիմնովին բարեփոխել միության գործունեության հիմնական ուղղությունը:

Նրանք այն կինոգործիչներն են, ովքեր համախմբվել են կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի արդեն նախկին նախագահ Հարություն Խաչատրյանի շուրջը:

Հարություն Խաչատրյանը, հիշեցնենք, մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ թողնում է «Ոսկե ծիրանի» նախագահի պաշտոնը և պատրաստվում է առաջադրել իր թեկնածությունը Կինոգործիչների միության նախագահի պաշտոնում: Մեկ շաբաթ առաջ Հարություն Խաչատրյանը հրաժարական տվեց նաև Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից՝ նույն պատճառաբանությամբ:

Հավելենք, որ Հայաստանի կինոգործիչների միության նախագահի պաշտոնում իրենց թեկնածությունն են առաջադրել նաև Ռուբեն Գևորգյանցի որդին՝ կինոռեժիսոր Վահե Գևորգյանցը, և Հայաստանի Ազգային կինոկենտրոնի նախկին ղեկավար Գևորգ Գևորգյանը:

Կինոռեժիսորների մի մասը, սակայն, համոզված է, որ եթե վերջին երկու թեկնածուներից որևէ մեկը դառնա նախագահ, միությունում որևէ բարեփոխում տեղի չի ունենա:

Լրագրողներին այսօր հանդիպման էին հրավիրել կինոռեժիսորներ Արամ Շահբազյանը, Արման Երիցյանն ու Էդվարդ Համբարձումյանը: Նրանք բազմիցս շեշտեցին, որ նրանց ընտրվելու դեպքում որևէ հեռանկար չեն տեսնում ոչ միայն միության, այլև հայ կինոյի զարգացման համար առհասարկ:

«Իմ և ոչ մի ֆիլմ հայկական բյուջեով չի եղել, բոլոր ֆիլմերը դրսի ֆինանսավորմամբ է եղել: Կինոմիությունը ոնց որ կոմեդիայի թատրոն ա իմ համար միշտ եղել՝ ծիծաղելի կառույց: Իսկ հիմա միտում կա, և էդ միտումին ես հավատում եմ, ի դեմս Հարություն Խաչատրյանի, որ կկարողանա էդ սառույցը կոտրել և էդ գնացքը տեղից շարժվի: Ես վստահ եմ, համոզված եմ, տեսնելով Հարութի արած գործը մինչև հիմա, «Ոսկե ծիրան» 14 տարի էս անիմաստ ռեսուրսային դաշտում զրոյից կարողացավ սարքել Ա կլասի փառատոն էդ մարդը: Հարություն Խաչատրյանը հիմնեց կինոակադեմիան: Այսինքն, դա էն մարդն ա էդ թեկնածուների մեջից, որը արած ռեալ բաներ ունի, և ես հավատում եմ, ուզում եմ հավատալ, որ կինոմիությունը վերջապես իրա ֆունկցիաները կկատարի: Այսինքն, այլևս մենք կհասկանանք, որ միությունը դա հավաքվելու և ընթրելու տեղ չի: Միությունը պետք ա լինի տեղ, որտեղ աշխատանք ա արվում: Եթե էս դեպքում էլ այդպես չեղավ, ուրեմն պետք է լուծարել», - ասաց Արմեն Երիցյանը:

Կինոռեժիսոր Արամ Շահբազյանի համոզմամբ, Գևորգ Գևորգյանը չի կարող որպես Կինոգործիչների միության նախագահ արդյունավետ աշխատել, քանի որ տարիներ շարունակ նրա ղեկավարած Ազգային կինոկենտրոնը այդպես էլ չկարողացավ նպաստել Հայաստանում կինոարտադրության կայացմանը․ - «Կինոարտադրությունը էս երկրում չի կայացել: Երբ ուզում էր, էդ կինոկենտրոնը ֆոնդ էր, երբ ուզում էր՝ կինոարտադրող էր: Էս տարիների մեջ լիքը ֆիլմեր կան, որտեղ գրած ա՝ Գևորգ Գևորգյան, պրոդյուսեր: Բայց որ գնում ես ասում ես՝ այ, ցավդ տանեմ, էսքան գումար ենք բերել, ասում ա՝ ես ֆոնդ եմ, ես ո՞վ եմ: Անկախ պրոդյուսերական ինստիտուտը չձևավորվեց երկրում: Դիստրիբյուտերական ինստիտուտը չձևավորվեց երկրում: Հիմա շատ հեղափոխական շրջան ա․․․ հիմա Կինոմիությունը կոչված ա արագ հեգեմոնը իր վրա վերցնելու և աշխատանք անելու դրա դեմ: Մեզնից ամեն մեկը ընտրելու ա էն թեկնածուին, ում որ վստահում ա, որ պետք ա վերցնի այդ ֆունկցիան և սկսի առաջինը ինքը աշխատել»:

Արամ Շահբազյանի խոսքով, մեր հարևան վրացի կինոգործիչները միայն այս տարի Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնում առնվազն 4 ֆիլմ են ներկայացրել․ - «Էդ չի գալիս նրանից, որ մենք հայերս շատ անտաղանդ ենք, իրանք էլ բոլորը շատ տաղանդավոր են: դա գալիս ա առողջ ստրուկտուրայից: Իսկ էն, ինչ որ մենք էս տարիների ընթացքում նկարել ենք, մեր կաշվի գնով ենք նկարել: Քոպրոդաքշընները դրսից ունենալով էկել ենք, ստեղ տարիով նստել-սպասել ենք, թե կտան մեզ մի հիսուն հազար հայկական կողմը, որ էդ քոպրոդաքշընին ասենք՝ մեր երկիրն էլ ա մեզ փող տվել․․․ Էդ էղել ա լրիվ ուզել-չուզելով: Էդ օրը կարող ա նախարարի կոֆեն պեսոկ գցած ըլնեին մեջը, ջղայնացած ըլներ, չտար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG