Մատչելիության հղումներ

Շիրակի մարզպետն ամփոփեց պաշտոնավարման 100 օրը


Արթուր Խաչատրյանը խոստովանեց, որ մարզում սոցիալական և ժողովրդագրական խնդիրները խորանում են:

Ըստ վիճակագրական տվյալների, բնակչության թիվը մարզում 10 տարվա ընթացքում նվազել է շուրջ 43 հազարով: Բնակչության թվի նվազումը պայմանավորված է արտագաղթի բարձր ցուցանիշով: Ծնելիության ցուցանիշն այս տարի նվազել է 200-ով:

Ժողովրդագրական պատկերն առավել ակնառու երևում է կրթության համակարգում: Արթուր Խաչատրյանը գյուղեր նշեց, որտեղ աշակերտներին մատների վրա կարելի է հաշվել․ - «Տասը աշակերտից պակաս ունենք 11 դպրոց: Դպրոց ունենք, որտեղ երկու աշակերտ ունենք: Ճիշտ է, դա ավելի մեծ դպրոցի ֆիլիալ է, բայց մեկ ա, դպրոց ա, որտեղ ֆիզիկապես էրկու հոգի դաս են անում․․․ Պետք է փորձենք երեխաներին այնպիսի կրթություն տալ, որ էդ երեխան պակաս կրթություն չստանա, քան Գյումրիում կամ որևէ այլ տեղ»:

Հայաստանի ամենաաղքատ մարզում ամենացածրն է մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն՝ 48 տոկոս․ - «Մարզի ներքին համախառն արտադրանքը կազմում է 203․2 միլիարդ դրամ, որը հանրապետության ՀՆԱ-ի ընդամենը 4 տոկոսն է կազմում: Մեկ շնչին ընկնող մեր ՀՆԱ-ն 800 հազար դրամ է, երբ որ հանրապետության միջինը 1.7 միլիոն դրամ է: Այսինքն մեր մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն միջինով կազմում է հանրապետականի 48 տոկոսը»:

Մարզում նվազել են հացահատիկի, գարու, կարտոֆիլի ցանքատարածությունները, փոխարենը աճել են հնդկաձավարի, ոլոռի ու այլ մշակաբույսերի ցանքատարածությունները:

Մարզի տնտեսական զարգացման բանալին ի վերջո որտե՞ղ է՝ ըստ մարզի ղեկավարի․ - «Գյուղատնտեսության մեջ դա պետք ա լինի ոռոգումը և ջրարբիացումը և բարձրարժեք մշակաբույսերի փոփոխությունը: Պետք է լինի տուրիզմի նկատմամբ համապարփակ մոտեցումը այդ երեք ուղղություններով: Եվ պետք ա լինի IT մոտեցումը: Դրա հիմքն էլ արդեն կրթությունն է: Մենք ունենք երեք ճեղքվածք՝ կրթությունը արդյունաբերությունից և գիտությունը կրթությունից»:

Հարցին, թե արդյոք նման պայմաններում գործարարները ռիսկային չեն համարում մարզում ներդրումներ անելը, Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ - «Լուրջ ներդրող եկել ա նախորդ շաբաթ միանգամից էրկու հոգի և մի լուրջ ներդրող էկել է էրեկ չէ առաջին օրը: Երկուսը գյուղատնտեսության բնագավառում են եղել, երրորդը կարող է լուրջ դառնալ, բայց վստահ չեմ դեռ: Չորրորդի ներդրումը մեծ կլինի, բայց դա շահույթ չհետապնդող սեկտորին է վերաբերում»:

Կիրակի օրը մարզ կայցելի նախագահ Սերժ Սարգսյանը: Մարզպետը պատրաստվում է իր թվարկած խնդիրները ներկայացնել երկրի ղեկավարին․ - «Ավելի շատ երևի ջրամբարների մասին կխոսենք, գյուղատնտեսության մասին կխոսենք, և հասանելի միջոցներից մարզին որոշակի ավել գումար հատկացնելու վերաբերյալ: Բայց ասում են՝ պետք է էրկու հոգի լինեն, որ տանգո պարեն: Լավ, եթե ասենք՝ գումարը տուր, ի՞նչ ծրագրերի համար պետք ա տան: Այսինքն՝ մշակենք ծրագրեր, ներկայացնենք, փորձենք աջակցություն ստանալ: Բայց եթե էսօրվա բյուջեն համեմատեք 2010, 2005, 2000 թվականների Գյումրիի հետ, ապա տարբերությունները ակնհայտ են և ակնառու»:

Առաջիկայում մարզում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են, որոնց կմասնակցի նաև Դաշնակցությունը: Շարունակվելու է մարզի համայնքների խոշորացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG