Մատչելիության հղումներ

Սեֆիլյանն ու Սաֆարյանը հերթական անգամ հեռացվեցին դատարանի դահլիճից


Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում և ուղեկցվեց սանկցիաներով:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց «Ելք» խմբակցության պատգամավորների երաշխավորագրի հիման վրա մեղադրյալ Ներսես Պողոսյանին ազատ արձակելու միջնորդությունը՝ անփոփոխ թողնելով կալանավորման մասին որոշումը։ Պողոսյանը, ի նշան բողոքի, հայտարարեց, որ անժամկետ հացադուլ է սկսում: Անցած հունիսին կալանավորվելուց հետո սա արդեն նրա երկրորդ հացադուլն է:

«Հարգել-չհարգելը հաստատ նստել-կանգնելով չի որոշվում: Ես Ձեր անձի նկատմամբ ոչ մի բան չունեմ, ուղղակի Հայաստանում որ դատարան չկա, դա փաստ ա․․․ Հայտարարում եմ անժամկետ հացադուլ: Էս անգամ հաստատ․․․ Գլխավոր դատախազին կփոխանցես, որ կուտը չեմ ուտի», - դատախազին ուղղեց իր խոսքը Պոսոսյանը:

Ի պատասխան դատախազ Պետրոս Պետրոսյանը նրան դիմեց «արա»-յով, ինչից հետո դատավորը դատախազի նկատմամբ նախազգուշական սանկցիա կիրառեց առանց իր թույլտվության խոսելու համար։

Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը սանկցիաներ կիրառեց նաև մի քանի րոպեով դատարան բերված Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ։ Տևական ժամանակ նիստերի դահլիճից հեռացված Սեֆիլյանն ու Սաֆարյանը այսօր ևս հեռացվեցին նույն պատճառաբանությամբ՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու և ոտքի չկանգնելու համար։

Դատավորը Սեֆիլյանից պահանջում էր ոտքի կանգնած հայտարարություն անել, մինչդեռ Սեֆիլյանն ասաց, թե իր ասելիքն արդեն ասել է։

Ընդդիմադիր Հիմնադիր խորհրդարանի առաջնորդը պահանջում էր, որ իր շահերը դատարանում ներկայացնի ոչ թե հանրային պաշտպանը, այլ իր փաստաբան Տիգրան Հայրապետյանը։ Հայրապետյանը Սեֆիլյանին հեռացնելուց հետո դուրս եկավ նիստերի դահլիճից։

Այսօրվա դատական նիստին ցուցմունք տվեցին երկու վկաներ։ Արագածոտնի մարզի Ծաղկաշատ գյուղի 44-ամյա բնակիչ Սենո Գրիգորյանը հարցերին հիմնականում պատասխան չէր տալիս՝ հայտարարելով, թե երկու տարի է անցել Սեֆիլյանի և նրա կողմնակիցների կողմից զանգվածային անկարգություններ նախապատրաստելու դեպքից, ուստի ինքը մանրամասները չի հիշում:

Վկան անգամ չհիշեց, որ նախաքննական ցուցմունքում ասել է, թե Հիմնադիր խորհրդարանի գրասենյակում իրեն առաջարկել են միանալ շարժմանը, ինքն էլ հրաժարվել է, քանի որ սահմանում ծառայող որդի ունի և չէր ուզում, որ իրավիճակը ապակայունանար։ Ասաց միայն, որ ծանոթներից մեկն էր նրան կանչել այդ գրասենյակ, և քանի որ մայրաքաղաքում քնելու տեղ չուներ, որոշել էր հենց այդտեղ էլ գիշերել։

Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մինչև հիմա ցուցմունք տված վկաների մեծ մասը հակասական ցուցմունքներ են տալիս։ Դա, նրա պնդմամբ, նշանակում է, որ նախաքննական մարմինը վկաներին օգտագործել է՝ Սեֆիլյանի դեմ մեղադրանքը հիմնավորելու համար․ - «Սա հերթական վկան էր, որի նախաքննական ցուցմունքը գրվել է քննիչի կողմից կամ այլ պաշտոնատար անձի կողմից, որի տակ ընդամենը վկան ստորագրել է»:

Ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ զանգվածային անկարգությունների նախապատրաստում, կազմակերպված խմբի կազմում զենքի ձեռքբերում, որի միջոցով պիտի զավթեր ռազմավարական նշանակության շենքեր։

Սեֆիլյանն ամբողջությամբ շինծու է որակում մեղադրանքը՝ այն կապելով իր քաղաքական գործունության հետ: Սեֆիլյանից զատ մեղադրանք է առաջադրված ևս վեց անձի:

Գործով անցնող 14 վկաներից մինչև այժմ դատարանում հարցաքննվել է 6-ը, մյուսներն այսօրվա նիստին չէին ներկայացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG