Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփն առաջիկայում կմեկնի Պեկին


Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ձինպինը և Դոնալդ Թրամփը, արխիվ
Չինաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Սի Ձինպինը և Դոնալդ Թրամփը, արխիվ

Երկու գերտերությունների ղեկավարները քննարկելու են Հյուսիսային Կորեայի խնդիրը:

ԱՄՆ պետական դեպարտամենտը նախապատրաստում է նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան: Այդ նպատակով այսօր Պեկին է մեկնում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով Չինաստանի ղեկավարների հետ քննարկելու է երկկողմ հարաբերություններին և Հյուսիսային Կորեային առնչվող հարցեր:

Ռեքս Թիլերսոնը Պետական դեպարտամենտում հանդիպում է ունեցել Չինաստանի փոխվարչապետ Լիու Յանդոնգի հետ: Նա ասել է, որ Պեկինում քննարկումների առանցքային թեման Հյուսիսային Կորեական թերակղզու ճգնաժամն է: Թիլերսոնը վաղը պետք է հանդիպի իր չինացի պաշտոնակից Վանգ Յիի հետ: Սա փետրվարին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց հետո Թիլերսոնի արդեն երկրորդ ուղևորությունն է Չինաստան:

Ենթադրվում է, որ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան տեղի կունենա այս տարվա նոյեմբերին: Թրամփը և Չինաստանի նախագահ Սի Ձինպինն այս տարվա ապրիլին արդեն հանդիպել են Ֆլորիդայում: ԱՄՆ-ն հուսով է, որ Հյուսիսային Կորեայի վրա Չինաստանի բանեցրած ճնշումը թույլ կտա կանխել այդ երկրի կողմից միջուկային և հթրիռային նոր փորձարկումները:

Պեկինն այսօր հայտարարել է Չինաստանում հյուսիսկորեական ընկերությունների գործունեությունը 120 օրվա ընթացում դադարեցնելու որոշման մասին: Առաջիկայում կփակվեն նաև արտասահմանում աշխատող չին-հյուսիսկորեական ընկերությունները:

«ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամների պարտավորությունն է՝ կյանքի կոչել խորհրդի ընդունած բանաձևերը: Չինաստանի պատկան գերատեսչությունները սկսել են Անվտանգության խորհրդի թիվ 2375 բանաձևի իրագործումը»,- այսօր ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Լու Կանգը: Վերլուծաբանները նշում են, որ թիվ 2375 բանաձևն այսօրվա դրությքամբ ամենակոշտ բանաձևն է, որն ընդունվել է 21-րդ դարում:

Չինաստանը մշտապես պնդում է, որ Կորեական թերակղզու ճգնաժամը պետք է կարգավորել դիվանագիտական եղանակով: Մոսկվայում էլ այսօր սկսվել են ռուս-հյուսիսկորեական քննարկումներ, որոնց մասնակցում են Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Օլեգ Բուրմիստրովը և Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության արտգործնախարարության Հյուսիսային Ամերիկայի հարցերով վարչության տնօրեն Ցոյ Սոն Խին:

Հաղորդվում է, որ ամերիկացիները ողջունել են այդ հանդիպման նախաձեռնությունը: Երեկ այդ հանդիպման մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան: «Քննարկումների ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում Կորեական թերակղզում և հյուսիս-արևեյան Ասիայում ստեղված իրավիճակի շուրջ, բանակցությունների արդյունքների վերաբերյալ մենք կհրապարակենք հաղորդագրություն մամուլի համար»,- ասել է Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG