Մատչելիության հղումներ

Համաձայն ընթացիկ ուսումնական տարվա մարտական պատրաստության պլանի` Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության զորամասերի և ստորաբաժանումների հետ սեպտեմբերի 25-29-ը անցկացվել են «Պաշտպանական օպերացիայում հակաօդային պաշտպանության վարումը հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարի և կրակային միջոցների ազդեցության պայմաններում» թեմայով մարտական հրաձգությամբ մարտավարամասնագիտական զորախաղեր:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զորախաղերը նպատակաուղղված էին «հանրապետության օդային սահմանի անվտանգությունն ապահովող զինծառայողների մասնագիտական գիտելիքների և հրամանատարական ունակությունների կատարելագործմանը, շտաբների ներդաշնակվածության, մարտական գործողությունների նախապատրաստման ու վարման արդյունավետության բարձրացմանը»: Մարտավարամասնագիտական զորավարժությունը միտված էր նաև ստուգելու հակաօդային պաշտպանության ուժերի (ՀՕՊ) և միջոցների մարտական պատրաստականության մակարդակն ու ստորաբաժանումների մարտական խնդիրների կատարման ունակությունները, ինչպես նաև գնահատելու զորատեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի իրական հնարավորությունները:

Մարտավարամասնագիտական զորախաղերի արդյունքում, որոնք խաղարկվել են ամենատարբեր աշխարհագրական գոտիներում և մարտավարական արագ փոփոխվող պայմանական իրավիճակներում, հակաօդային պաշտպանության զորքերը ևս մեկ աստիճանով բարձրացրել են դաշտային վարժվածության մակարդակն ու ձեռք բերել մասնագիտական նոր գիտելիքներ ու կարողություններ: Զորախաղերը հնարավորություն են ստեղծել նաև փորձի փոխանակում իրականացնելու, ինչպես նաև տարբեր օղակների հրամկազմի և ժամկետային զինծառայողների մարտական վարպետության աստիճանը կատարելագործելու համար, ասված է հաղորդագրությունում:

«Ելնելով զորավարժության արդյունքներից՝ կարող ենք փաստել, որ զորատեսակը գտնվում է մարտական պատրաստականության պատշաճ մակարդակի վրա, ինչը թույլ կտա այսուհետ ևս իրականացնել հանրապետության օդային սահմանի անվտանգության հուսալի և լիարժեք ապահովումը», - ամփոփում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG