Մատչելիության հղումներ

«Ելք»-ի պատգամավոր․ ԵԱՏՄ-ում կա մի պետություն՝ Ռուսաստան


Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մանե Թանդիլյան
Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Մանե Թանդիլյան

Առաջիկա երեքշաբթի օրը Ազգային ժողովը կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցության նպատակահարմարությանն անդրադարձող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու՝ «Ելք»-ի առաջարկը:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց ընդդիմադիր խմբակցության այդ նախագծին: Որպեսզի հարցը հաստատապես դրվի քննարկման, «Ելք»-ը որոշեց օգտվել ԱԺ Կանոնակարգ օրենքով ընդդիմությանն ընձեռված հնարավորությունից՝ նախագիծը համարեց արտահերթ:

Ազգային ժողովում մեծամասնություն ունեցող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հանրապետականը դեմ է քվեարկելու հանձաժողովի ստեղծմանը․ - «Իրենց իրավունքն է, Կանոնակարգ օրենքը թույլ է տալիս, որպեսզի երեքշաբթի օրը նրանք այդ հարցը համարեն հրատապ ու մտցնեն: Ինձ թվում է, դա կարժանանա նույն ճակատագրին, որովհետև չկան նման հիմքեր, և այս բոլոր քննարկումները, իմ կարծիքով, իհարկե չեմ ցանկանա կոպիտ արտահայտվել, բայց անիմաստ են»:

Ընդդիմադիր «Ելք»-ը ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ երկու առաջարկ է ներկայացրել: Տեսնելով իշխանության բացասական վերաբերմունքը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը երեկ չմասնակցեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, ուստի նախագիծի քննարկումը ինքնընստինքյան հետաձգվեց:

Ընդդիմադեիրները մտադիր են դրան անդրադառնալ հանձնաժողովի ստեղծման նախագծի քննարկումներից հետո միայն։ «Ելք»-ը պատրաստ է թվերով ապացուցել, որ ԵԱՏՄ անդամակցելով, Հայաստանը միայն տնտեսական հետընթաց է արձանագրել: Չի ամրապնդվել նաև երկրի անվտանգությունը: Իշխող Հանրապետականը, նրանց խոսքով, ընդդիմանում է քննարկումներին, որովհետեւ «հակափաստարկ չունի»:

Նրանց միակ ասածը, Մանե Թանդիլյանի խոսքով, հետևյալն է՝ «Ռուսաստանը մեզ կպատժեր»․ - «Անգամ մենք փողոցի վերանվանման մակարդակում ենք Մոսկվայի ազդեցություն և ճնշում և ագրեսիվ ռեակցիաներ տեսնում, ուր մնաց նման թեմայից խոսելը: Ես ցավում եմ, որ Մոսկվան, Ռուսաստանն ըստ էության ԵԱՏՄ-ից դուրս գալու մեր նախագիծը ընկալում է որպես հակառուսականություն: Ի՞նչ է պատճառը: Որովհետև ըստ էության ԵԱՏՄ-ում կա մի պետություն՝ Ռուսաստան, որի հետ մենք ունենք հարաբերություններ և՛ առևտրային, և՛ ստրատեգիական, և՛ տարբեր տեսակի, որը կարելի էր պահպանել ու շարունակել: Բայց ԵԱՏՄ-ում Ռուսաստանը ընկալում է որպես ինքը: Այնինչ այդտեղ կա Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, տնտեսություններ, որոնց հետ մենք որևէ առնչություն չունենք»:

Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան
Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան

Վահրամ Բաղդասարյանն ասում է, որ իրենք դեմ են ԵԱՏՄ-ը անդամակցության հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, քանի որ «ոչինչ չունեն քննարկելու»: Ըստ Բաղդասարյանի, չկա տնտեսության մի ճյուղ, որտեղ Հայաստանը աճ չի արձանագրել։ Հանրապետական պատգամավորի կարծիքով, ընդդիմադիրների քայլը քաղաքական նպատակներ է հետապնդում․ - «Ավելի մամուլը հետաքրքրացնելու, ամբիոն ունենալու համար, խոսելու նյութ ունենալու համար: Բայց չեմ կարծում, որ նման ձևով իրենց ընդդիմադիր կեցվածքը ցույց տալու համար կարելի է նման քննարկումներ կազմակերպել, որը չի կարող օգուտ բերել մեր հարաբերություններին և՛ Եվրասիական տնտեսական միության հետ, ո՛չ էլ Եվրամիության հետ: Իհարկե չի կարող նաև վնաս բերել, որովհետև դա այն հարցը չէ, որ նման կարևորագույն խնդիրների շուրջ կա՛մ Եվրասիական տնտեսական միության երկրները, կա՛մ Եվրամիության երկրները ուշադրություն սևեռեն»:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե ծրագրում են արդյոք ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը նաև փողոցային պայքարով բարձրացնել, Մանե Թանդիլյանը հայտարարեց՝ - հանրությունից պետք է ազդակ ստանան․ - «Քանի դեռ նման ազդակներ չեն գալիս, շատ դժվար է համաձայնել, որ փողոցային պայքարը կարող է հասցնել արդյունքի: Եթե ես իմանամ, որ կարող է բերել արդյունքի, և կլինի այնտեղ կրիտիկական այն զանգվածը, որի առկայության պարագայում հնարավոր չի լինի պրոցեսներին այլ ընթացք տալ, ես կարծում եմ, որ իհարկե հնարավոր է նաև այդ ճանապարհով, որոնք բոլորը օրինական են, և այդ ճանապարհով ևս խնդիրներ են լուծվում: Սակայն այդ ազդակները այս պահին ես ինքս չեմ զգում և չեմ տեսնում»:

«Ամենամեծ հնարավորությունը նրանք թողել էին, երբ որ փողոց դուրս գային հետընտրական պրոցեսների ժամանակ: Այդտեղ չունեին որևէ խնդիր փողոց դուրս գալու: Եվ նրանց օրակարգում եթե եղել է այդ հարցը ԵԱՏՄ-ից դուրս գալու, նրանք կարող էին այդ առիթը օգտագործել: Փողոց ո՞վ պետք է դուրս գա: 7 հոգո՞վ, 10 հոգո՞վ, 20 հոգո՞վ», - այս առնչությամբ ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG