Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր ելույթ ունենալով Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը:
«2008-2016 թվականների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ: Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, և աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր», - ասել է Կարապետյանը:
«Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու և նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Արդյունքում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոլորտում տարեկան ստեղծվում է շուրջ 100 ընկերություն։ Կարծում եմ, որ մենք այստեղ նույնպես աճի տեղ ունենք», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Կարեն Կարապետյանը:
«Կարևորում ենք նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Այսօր մենք ունենք լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ», - հայտարարել է վարչապետը:
«ԱրմԹեք» գլոբալ համաժողովը, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը, այս տարի նվիրված է կիբերանվտանգության ոլորտին:
Տե՛ս նաև այստեղ