Մատչելիության հղումներ

Վարչապետ․ ՏՏ ոլորտում Հայաստանն ունի լուրջ մրցակցային առավելություններ


Լուսանկարը՝ կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ կառավարության լրատվականի

Հայաստանի կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման և շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, կարևորում է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտը, գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ այսօր ելույթ ունենալով Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ՝ «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը:

Ըստ վարչապետի, վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում և ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարևոր դերակատար: «2008-2016 թվականների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ: Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, և աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր», - ասել է Կարապետյանը:

Վարչապետի խոսքով՝ ներկայումս կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման և ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի կայուն դիրքավորումը:

«Այսօր Հայաստանում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար անդրազգային ընկերություններ, ինչպիսիք են` «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ», «Վի Էմ Ուեր», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սիսկո» և այլ ընկերություններ: «Մայքրոսոֆթ» և «ԱյԲիԷմ» ընկերության հետ համատեղ Հայաստանում հիմնվել ու ներկայում հաջողությամբ գործում են «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնը և Նորարարական լուծումների ու տեխնոլոգիաների կենտրոնը: Ոլորտի զարգացմանը նոր թափ հաղորդելու և նոր ընկերությունների ու աշխատատեղերի ստեղծումը խթանելու նպատակով ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսվարող սուբյեկտներին տրամադրվում են հարկային արտոնություններ: Արդյունքում, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոլորտում տարեկան ստեղծվում է շուրջ 100 ընկերություն։ Կարծում եմ, որ մենք այստեղ նույնպես աճի տեղ ունենք», - կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նշել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության կարևոր խնդիրներից է նաև տեխնոլոգիական ոլորտի որակյալ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը: «Կարևորում ենք նաև, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող հայկական կազմակերպությունները նախկին արտապատվիրման ուղղվածությունից աստիճանաբար վերաճում են հետազոտություններ և մշակումներ իրականացնող և ամբողջական բարդ ինժեներական լուծումներ առաջարկող կազմակերպությունների, որոնց կողմից թողարկված մրցունակ տեխնոլոգիական լուծումներն ու արտադրանքն իրացվում է ինչպես արտաքին, այնպես էլ ներքին շուկաներում: Այսօր մենք ունենք լուրջ մրցակցային առավելություններ թե´ տարածաշրջանում, թե´ այլ երկրների համեմատ», - ասել է նա:

Կառավարության ղեկավարը կարևորել է այն հանգամանքը, որ «Արմթեք 2017»-ն անցկացվում է շատ արդիական՝ կիբերանվտանգության թեմայով․ - «Տեխնոլոգիաների զարգացման այսօրվա իրավիճակում աշխարհն ունի բազմաթիվ մարտահրավերներ, որոնց լուծումն անհնար է պատկերացնել առանց կիբերանվտանգության, տեղեկատվական անվտանգության խնդիրների լուծման»:

«Մենք հետևողականորեն շարունակելու ենք Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ որդեգրված քաղաքականությունը և խորացնելու և ընդլայնելու ենք համագործակցությունը միջազգային, այս բնագավառի վերազգային և տեղական կազմակերպությունների հետ, ինչը կխթանի ոլորտի մրցունակության բարձրացումը ու ոլորտում կայուն տնտեսական աճի ապահովումը», - հայտարարել է վարչապետը:

«ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Համաժողովի կազմակերպիչներն են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG