Մատչելիության հղումներ

Մոսկվայի օդանավակայանում «Մանչեսթր Յունայթեդ»-ին դիմավորել են Հայաստանի դրոշներով


Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում խաղի ժամանակ, արխիվ
Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում խաղի ժամանակ, արխիվ

Եվրոպայի Չեմպիոնների լիգայի մրցաշարում այսօր Մոսկվայում հանդիպելու են ԲԿՄԱ-ն և «Մանչեսթր Յունայթեդ»-ը: Բրիտանական ակումբը Մոսկվա է ժամանել երկուշաբթի երեկոյան:

«Սպորտ Էքսպրես»-ը գրել է, որ ավելի քան հինգ տասնյակ ֆուտբոլասերներ, մեծ մասը` հայեր, գնացել էին «Շերեմետևո» օդանավակայան՝ դիմավորելու «Մանչեսթր Յունայթեդ»-ին: Նրանք բուռն ծափահարություններով են դիմավորել Հենրիխ Մխիթարյանին, մի քանիսը ազգային դրոշներով էին եկել և Մոսկվայի օդանավակայանում բրիտանական ակումբին դիմավորելիս ծածանել են Հայաստանի դրոշները: Հատուկջոկատայինները օդանավակայում խիտ շարքով պատ են կազմել՝ ֆուտբոլասերներին հնարավորություն չտալով մոտենալ ֆուբոլիստներին:

Խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսին «Մանչեսթր Յունայթեդ»-ի մարզիչ Ժոզե Մոուրինյոն եկել է Մխիթարյանի հետ: «Մխիթարյանի մասնակցությունը ասուլիսին ակնարկ չէ, որ նա կլինի մեկնարկային կազմում: Ես ընտրել եմ Մխիթարյանին՝ հարգելով ռուս ֆուտբոլասերներին և լրագրողներին, բանն այն է, որ նա խոսում է ռուսերեն: Ես գնահատում եմ Մխիթարյանին որպես խաղացող, բայց այստեղ ակնարկներ մի փնտրեք», - ասել է Մոուրինյոն:

ԲԿՄԱ-«Մանչեսթր Յունայթեդ» խաղից առաջ միայն Մխիթարյանի մասին նյութ է հրապարակել France-Press-ը, գրելով, որ մորական կողմից նրա տատը Մոսկվայից էր, և Մխիթարյանը առանց ակցենտի, ազատորեն խոսում է ռուսերեն: France-Press-ը հիշեցնում է, որ նախորդ անգամ Մխիթարյանը Ռուսաստանում խաղացել էր Ռոստովի թիմի դեմ, գոլ էր խփել, որի շնորհիվ «Մանչեսթր Յունայթեդ»-ը հաղթել էր 2:1 հաշվով` շարունակելով հաղթարշավը Եվրոպայի լիգայի մրցաշարում: Այդ առաջնությունում նա 6 գոլ է խփել, այդ թվում՝ Ստոկհոլմում հոլանդական «Այաքս»-ի հետ կայացած եզրափակիչում, և «Մանչեսթր Յունայթեդ»-ը հաղթելով 2:0 հաշվով՝ նվաճեց Եվրոպայի լիգայի գավաթը:

«Իմ կյանքի խաղը Եվրոպայի լիգայի անցած մրցաշարի եզրափակիչն էր: Ինձ համար դա եվրոպական առաջին հաղթանակն էր: Ոչ մի հայ ֆուտբոլիստ այդ մակարդակին չի հասել՝ խաղալ եվրոպական առաջնության եզրափակիչում և գոլ խփել, դա լավագույն խաղերից մեկն էր, որ ես երբևէ խաղացել եմ», - ասել է Մխիթարյանը:

France-Press-ը նշում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ից բրիտանական ակումբ տեղափոխված Մխիթարյանի մեկնարկը «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում հաջող չէր, սակայն հիմա նա թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է:

«Նա հասկանում է ինձ և, անկեղծ ասած, ես հասկանում եմ նրան: Ես հավատում եմ նրա տաղանդին և կարծում եմ՝ այս մրցաշարում նա ավելի լավ կխաղա», - Մխիթարյանի մասին անցած ամիս ասել էր Ժոզե Մոուրինյոն:

Մոսկվայում երեկ կայացած ասուլիսում Հենրիխ Մխիթարյանը ասել է, որ անցած մրցաշարում, երբ խաղում էին Ռոստովում, հաճելի էր տեսնել հայ ֆուտբոլասերների: «Կարծում եմ՝ վաղը նույնպես նրանք կգան աջակցելու ինձ: Կփորձեմ հնարավորը անել նրանց ուրախացնելու և գոլ խփելու համար», - նշել է նա:

Մխիթարյանը ԲԿՄԱ-ին լուրջ մրցակից է համարել՝ ասելով, թե «Բենֆիկա»-ին հաղթելը խոսում է այն մասին, որ ԲԿՄԱ-ն արժանի հակառակորդ է: «Ես հետևում եմ ռուսական ֆուտբոլին, ուստի կարող եմ ասել՝ այս տարի ԲԿՄԱ-ն այն չէ, ինչպես նախկինում էր: Նրանք փորձառու ֆուտբոլիստներ ունեն, որպես թիմ ավելի ուժեղ են, քան անցյալ տարի: Բայց Չեմպիոների լիգան Ռուսաստանի առաջնություն չէ, կարծում եմ՝ այստեղ նրանք այլ խաղ կցուցադրեն», - երեկ Մոսկվայում կայացած ասուլիսում նշել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ, Անգլիայի «Մանչեսթր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG