Մատչելիության հղումներ

Բազում գյուղում խնդիրներն էլ բազում են


Լոռու մարզի Բազում գյուղի համայնքապետ Սրբուհի Հարությունյանն ասում է, որ կնոջ համար գյուղ ղեկավարելը դժվար է, բայց դա ունի նաև իր առավելությունները։

«Կինը ում դիմում ա, որ կազմակերպության հետ էլ որ գործ ա ունենում, որ մտնում եմ, խնդիր չեմ ունենում։ Իսկ տղամարդուն հեշտ մերժում են։ Ինձ չեն կարողանում», - ծիծաղելով ասաց նա:

Սրբուհի Հարությունյանը գյուղը ղեկավարում է 2008 թվականից։ Դրանից առաջ գյուղապետարանի հաշվապահն էր։ Նախկին գյուղապետը պաշտոնավարման ժամանակ գումարներ յուրացնելու համար դատվածություն է ունեցել և օրենքով սահմանված կարգով գյուղապետ առաջադրվելու իրավունքից զրկվել։

Նրա ենթակա հաշվապահը համայնքը ղեկավարելու նախաձեռնությունը ձեռքն է առել ու հաջողության հասել։

Հարությունյանն ասաց, որ ինքն անկուսակցական էր, բայց ընտրվելուց հետո հանրապետական է դարձել․ - «Պարտադիրը պարտադիր չէր, բայց դե որ արդեն աշխատում էի... Ես ընդհանրապես կողմ էի Հանրապետականին։ Ու հետո էլի ասեցին, որ կուսակցության ոչ մի անդամի չես պատկանում, ասեցի՝ ես Հանրապետական եմ հոգով-սրտով։ Դե ասեցին՝ բա ինչի՞ չես ընտրվում, ու թենց էլ գնացի ընդունվեցի Հանրապետական կուսակցություն»։

Սակայն ո՛չ իշխող կուսակցությանը անդամակցությությունը, ո՛չ էլ «կնոջ առջև բոլոր դռները բաց են» կարգախոսը չեն վերացրել Բազումի բազում խնդիրները։

«Գյուղը խմելու ջուր չունի, դա մեծ խնդիր ա։ Բազում գյուղը վարելահողեր չունի։ Ո՛չ ոռոգման ջրագիծ ունենք։ Վարելահողերը դարձել են խոտհարքներ։ Զբաղվում են արտագնա աշխատանքով։ Եթե արտագնա աշխատանքը չլնի, մեր գյուղը շատ աղքատ կըլնի, սոցիալապես շատ վատ վիճակում կըլնի», - ասաց գյուղապետը։

84-ամյա Հարություն Ծատուրյանը, ում երկու որդիները ևս Ռուսաստանում են՝ մշտական բնակության, ասում է․ - «Շատ են, 30, համարյա 40 տուն դատարկ ա։ Ընտանիքով գնացել են, բալա։ Ի՞նչ անեն, աշխատանք չկա, որտեղ աշխատեն»։

Հույսը արտագնա աշխատանքի վրա դրած գյուղը մարզկենտրոն Վանաձորից ընդամենը 5 կմ է հեռու, բայց արտադրանք չունեցող գյուղացին այդ առավելությունից չի օգտվում։

Գյուղապետն ասում է. - «Քաղաքը մոտիկ ա, մոտիկ գնամ, թե տրանսպորտով, ինձ ի՞նչ ա օգնում քաղաքը՝ եթե ես հնարավորություն չունեմ ապրելու։ Քաղաքը մոտիկ ա՝ ի՞նչ։

«20 լիտր կաթ տանում ենք ծախում ենք, տալիս ենք, էդ 20 լիտր կաթն՝ 2000 դրամի ի՞նչ կարաս առնես», - ասում է բազումցի մի կին։

Արտագնա աշխատանքի սեզոնին գյուղում մնացած հատուկենտ տղամարդիկ համեմատում են իրենց աշխատածն ու աշխատանքի արդյունքը և ասում. - «Գեղացին ամեն ձևով էլ տուժվում ա էլի, անօգուտ չըրչարվում ա, մենակ գոմի կեղտն ա դուս ածում ու վսյո»։

Անասնապահությունից ստացվող կաթի էժանությունից դժգոհ գյուղացին իշխանությունների հետ այլևս հույսեր չի կապում։ Ասում ու փաստեր են առաջ քաշում․ - «Գյուղապետն էլ ա խաբում, օրենքն էլ ա խաբում․․․ Հա, գրի, ինձ հմա հաշիվ չի»։

«45 տարի աշխատել եմ, ընդեղան էլ թոշակի ընգել 120-ով, որից հմի 43 մանեթ եմ ստանում։ 43 մանեթով վառելիք առնեմ, ուտելիք առնեմ, հագնելիք առնեմ, էդ ո՞րն առնեմ, բալա», - դժգոհեց մի տարեց գյուղացի։ - «Ժըղովուրդը սովի ա մատնվում, Հայաստանը սովի ա մատնվում, Իրանք էլ են ասում, որ մեր Հայաստանը ձեռից գնում ա։ Եթե սա սենց գնաց, Հայաստանը կքայքայվի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG