Մատչելիության հղումներ

«Հյուսիս-հարավ»-ի 1 կմ-ի կառուցումը Աշտարակ-Լանջիկ հատվածում 3.5 միլիոն դոլար կարժենա․ ԱԶԲ գրասենյակի տնօրեն


Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալ, 24-ը սեպտեմբերի, 2017 թ․
Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալ, 24-ը սեպտեմբերի, 2017 թ․

Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցչության գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալի խոսքով՝ Հայաստանում կառուցվող «Հյուսիս-հարավ» մայրուղու չկառուցված՝ Աշտարակ - Լանջիկ հատվածի շինարարության արժեքը կհասնի 3,5 միլիոն դոլարի: Երևան - Աշտարակ և Երևան - Արտաշատ արդեն կառուցված հատվածն, օրինակ, արժեցել է 1 կմ-ի համար 2 միլիոն դոլար:

Նշենք, որ ի սկզբանե նախատեսված էր այդ մայրուղու կառուցումն ավարտել 2016 թվականին: Մինդեռ հիմա՝ 2017 թվականին իրավասու պաշտոնատարները խուսափում են ծրագրի ավարտի կոնկրետ վերջնաժամկետ նշել:

«Մեր կանխատեսմամբ՝ ճանապարհի երկրորդ և երրորդ հատվածներում 1 կիլոմետրը [կառուցումը] կարժենա մոտ 3,5 միլիոն դոլար: Այս թիվը կարող եք համեմատել տարածաշրջանի այլ երկրներում նմանատիպ ճանապարհների կառուցման թվերի հետ, որոնք արժեցել են մինչև 8 միլիոն դոլար՝ 1 կիլոմետրի համար: Այս գինը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ տեղանքով, անհրաժեշտ հողատարածքների ձեռք բերման ծավալներով և այլն:

Ճանապարհի մնացած 350 կիլոմետրի՝ Արտաշատից Մեղրի և Գյումրիից Բավրա անավարտ հատվածների մասով աշխատանքներ սկսելու վերաբերյալ այս պահին կոնկրետ ծրագրեր չկան, և ԱԶԲ-ին դեռևս հայտ չի ներկայացվել այդ աշխատանքները ֆինանսավորելու համար: Հայաստանի կառավարությունը բազմաթիվ առաջնահերթ խնդիրներ ունի և պետք է որոշի՝ ի՞նչն է առաջնահերթ՝ այդ միջանցքն ավարտին հասցնե՞լը, թե կրթության կամ այլ ոլորտներում մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված ներդրումները:

Կարծում եմ՝ երբ խոսքը վերաբերում է «Հյուսիս-հարավ» միջանցքն ավարտին հասցնելուն, կառավարությունը պետք է դիտարկի դրա տեխնիկական պարամետրերը, ճանապարհի տիպը, արդյո՞ք այն պետք է լինի քառուղի, երկուղի կամ ինչ-որ այլ միջանկյալ լուծում կլինի, արդյո՞ք այն պետք է բետոնե լինի, թե՞ ասֆալտե ծածկույթ ունենա: Բացի այդ, կառավարությունը պետք է մտածի մասնավոր հատվածի հետ հնարավոր համագործակցության մասին:

Այլ երկրներում պետական-մասնավոր գործընկերության հաջողված օրինակներ կան, երբ ճանապարհի որոշ հատվածները վճարովի են դարձրել, որպեսզի նվազեցնեն ճանապարհի կառուցման ընդհանուր արժեքը: Ես չեմ ասում, որ դա հենց այն լուծումն է, որը հարկավոր է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի դեպքում, բայց դա մի բան է, որը կառավարությունը պետք է դիտարկի»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ռոզենթալը:

Կառավարությունը մեծ գումարներ է ծախսել «Հյուսիս-հարավ» ճանապարհի վրա, ի՞նչ եք կարծում՝ ե՞րբ կարող ենք տեսնել այս ծրագրի ավարտը: «Ազատության» այս հարցին, ԱԶԲ ներկայացուցիչը պատասխանեց․- «Դե, հաստատ հարյուր տարուց չի լինի: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ենք բնութագրում ծրագիրը: Պետք է հասկանանք, որ նույն բառը կարող է տարբեր կերպ ընկալվել: Իսկ եթե խոսենք փաստերով՝ գործ ունենք 550 կիլոմետր երկարությամբ ճանապարհի հետ, որը կարիք ունի բարելավվելու, որպեսզի կարողանա ապահովել բեռների և ուղևորների փոխադրման բավարար պայմաններ՝ Հայաստանը տարածաշրջանային, միջազգային փոխադրումների համար գրավիչ միջանցք դարձնելու համար:

Այդ ծավալի աշխատանքը մեկ օրում չի արվում, և այստեղ ներդրումներ կատարելուց առաջ պետք է հաշվի առնել՝ արդյո՞ք այդ գումարները չի կարելի ուղղել այլ առաջնահերթ ոլորտների: Ես ոչ մի դեպքում չեմ պատրաստվում հորդորել իշխանություններին՝ հապճեպ որոշումներ կայացնել ճանապարհի մնացած 350 կիլոմետրը ավարտին հասցնելու վերաբերյալ»:

2005 թվականից ԱԶԲ-ն ունի իր ներկայացուցչությունը Հայաստանում: Մինչ այժմ բանկը հաստատել է 25 վարկային ծրագիր՝ 1,19 մլրդ դոլար արժողությամբ, տեխնիկական աջակցության 24 դրամաշնորհներ՝ 15,2 միլիոն ընդհանուր արժողությամբ: Ասիական զարգացման բանկն այս տարի բոլորում է իր գործունեության 50-ամյակը: Հայաստանն այս կառույցին անդամակցում է 2005 թվականից:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG