Մատչելիության հղումներ

Քաղաքագետ․ Մեզ ասում են՝ տարածքներ տվեք ոչնչի դիմաց


Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների Նյու Յորքում կայանալիք հանդիպմանն ընդառաջ Երևանում կարծում են՝ միջնորդ երկրները փորձում են «ճեղքում» ապահովել ղարաբաղյան բանակցություններում, և այդ առումով իրավիճակը նման է 2011թ․, երբ նախագահներ Սերժ Սարգսյանին ու Իլհամ Ալիևին առաջարկվեց ստորագրել Կազանյան փաստաթուղթը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով, վերջին շրջանում ղարաբաղյան բանակցություններում Կրեմլի ակտիվությունը, ներառյալ՝ պատրիարք Կիրիլի նախաձեռնությամբ երեք երկրների հոգևոր առաջնորդների մոսկովյան վերջին հանդիպումը, ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Հոգլանդի աղմկահարույց հրապարակումը, այդ մասին են վկայում:

«Կարծես թե միջնորդները այդպիսի փորձ են կատարում: Կա այսպես ասած՝ «Լավրովյան պլանը», որը դեռ հստակ չէ, բայց միանշանակ է, որ Մադիրդյան սկզբունքներից շատ հեռու չէ», - փաստում է քաղաքագետը:

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից առաջ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարարները նախօրեին առանձին-առանձին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը մտքեր են փոխանակվել ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի շուրջ, ինչպես նաև արծարծվել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանն առնչվող հարցեր:

«Արտգործնախարարները հարց չեն որոշելու, իրենք ավելի շատ հանդիպում են կողմերի մոտեցումները կամ այլ հարցեր քննարկելու ու հանդիպում կազմակերպելու, որովհետև կողմերի հայտարարությունները շատ են ծայրահեղացել», - նշում է Արմեն Գրիգորյանը: - «Ի դեպ Սերժ Սարգսյանը խոսել է կարգավիճակի մասին՝ ներկայիս ստատուսից ոչ ցածր, բայց շատ հետաքրքիր է, որ Ադրբեջանը ավելի շատ խոսել է պատերազմի մասին»:

Սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում և անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ նախագահ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշեց՝ «Կարգավորման ինչ տարբերակի էլ հանգենք, միևնույն է, Արցախի Հանրապետությունը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ և վայելել ավելի քիչ ազատություն, քան այսօր ունի: Ադրբեջանը պետք է ճանաչի և հարգի Արցախի ժողովրդի կողմից իր ապագան ազատ կամարտահայտությամբ որոշելու իրավունքը, իսկ արցախահայության անվտանգությունը պետք է երաշխավորված լինի բոլոր հնարավոր միջազգային և ներքին մեխանիզմներով: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են»:

Ժամերի տարբերությամբ հանդես գալով նույն ամբիոնից և իր խոսքը սկսելով ղարաբաղյան խնդրից՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերստին սպառնաց ուժի դիմել, ինչպես մեկ տարի առաջ՝ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ: - «Ադրբեջանը հավատարիմ է խնդրի խաղաղ կարգավորմանը, միևնույն ժամանակ, պաշտպանելու է իր քաղաքացիներին, եթե հայկական կողմի ռազմական սադրանքները շարունակվեն, և եթե կարիք լինի, մենք կրկին կպատժենք ագրեսորին, ինչպես որ արեցինք 2016թ․ ապրիլին»,- ասաց Ալիևը՝ հավելելով, որ ադրբեջանական բանակին հաջողվել է ռազմական այդ գործողությունների ժամանակ «որոշ տարածքներ ազատագրել Ղարաբաղի հարակից երեք շրջաններում»:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ելույթից, փաստորեն, պարզ է դառնում, որ հայկական կողմին առաջարկում են տարածքներ հանձնել, բայց ոչ թե Արցախի վերջնական, այլ միջանկյալ մի կարգավիճակի դիմաց, որը Ստեփանակերտն արդեն իսկ ունի: - «Մեզ ասում են՝ տարածքներ տվեք՝ ոչնչի դիմաց»,- ընդգծեց քաղաքագետը: - «Սերժ Սարգսյանը ասաց, որ Արցախը չի կարող ներկայիս կարգավիճակից ավելի ցածր կարգավիճակ ունենալ: Բայց այսօր Արցախը չճանաչված հանրապետություն է: Այսինքն՝ միջանկյալ ստատուսը,որը կա բանակցությունների սեղանին, կարծես թե ընդունվում է Սերժ Սարգսյանի կողմից ու չի դրվում հարց, որ՝ անկախ պետք է լինի, այլ ասվում է՝ որ ներկայիս իրավիճակից․․․ ճանաչումը նշանակում է ստատուս ձեռք բերել, նոր ազատությունների շրջանակ ձեռք բերել: Ստացվում է՝ տարածքներ գրեթե ոչ մի բանի դիմաց, ինչպես եղել է Կազանում: Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը համաձայնել է Կազանյան փաստաթղթին, որով Արցախը կարգավիճակ չէր ստանում, կարգավիճակը պետք է որոշվեր հետագայում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG