Մատչելիության հղումներ

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրել


Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 60-ամյա Ռ.Խաչատրյանին: Այս մասին ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

«Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017 թվականի սեպտեմբերի 14-ին Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974թ. ծնված Գագիկ Մոսինյանը, տեղում մահացել է, իսկ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը` հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սպանությունը ծրագրված է եղել նախապես, պարզվել առերևույթ հանցագործություն կատարած անձանց շրջանակը, որոնցից երկուսը Ալավերդի քաղաքի բնակիչներ են, մեկը՝ Երևանի։

Սեպտեմբերի 15-ին քննիչը որոշում էր կայացրել՝ Ա.Բլբուլյանին, Ա.Կարադավիդովին և Ռ.Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը և հայտարարվել հետախուզում», - նաև ասված է հաղորդագրությունում:

Ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հետախուզման մեջ գտնվող Ռ.Խաչատրյանը սեպտեմբերի 22-ին հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել և հարցաքննվել։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ռ.Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG