Մատչելիության հղումներ

ԵՄ-ն կաջակցի Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանը․ Սվիտալսկի


 Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ
Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկի, արխիվ

Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության առաջին ուղղությունը, ըստ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի, բիզնես միջավայրի բարելավումն է։

ԵՄ պատվիրակության աջակցությամբ կազմակերպված՝ «Հայաստանում Եվրոպական միութան մոդել 2017» երիտասարդական խորհրդաժողովի ժամանակ Սվիտալսկին այսօր մատնանշեց Հայաստանի տնտեսության համար առաջնային համարվող գործընկերների ցանկը, որում, օրինակ՝ Ֆրանսիան 7-րդ տեղում է, Գերմանիան՝ 8-րդ: Սվիտալսկին ԵՄ-Հայաստան հարաբերությունները բնութագրում է ոչ թե բազմակողմ, այլ երկկողմ: Դեսպանի խոսքով, ճիշտ չէ ԵՄ-ն դնել նույն զամբյուղի մեջ, որում ԵԱՏՄ-ն է կամ ԱՊՀ-ն։

«Ես կարծում եմ, որ տնտեսական ոլորտում մեր համագործակցությունը դեռ շատ տեղ ունի զարգանալու՝ նույնիսկ հաշվի առնելով այն, որ ըստ մեր տվյալների, Եվրոպական միությունը Հայաստանի թիվ մեկ արտահանման շուկան է: Ինչպես վարչապետը նկատեց խորհրդարանում, այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում դեպի ԵՄ երկրներ արտահանման աճը շատ ավելի մեծ էր, քան արտահանումը՝ դեպի Եվրասիական տնտեսական միություն»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Նա այսօր նաև հայտարարեց՝ Հայաստանի նոր կառավարությունն արդեն մի շարք կարևոր և կառուցողական քայլեր է ձեռնարկել բիզնես միջավայրը զարգացնելու ուղղությամբ։ «Ես կարող եմ հաստատել, որ նոր կառավարությունը մի շարք լավ քայլեր է ձեռնարկել։ Կարծում եմ՝ նրանք հիմա աշխատում են մի շարք նմանօրինակ նախաձեռնությունների վրա՝ բարելավելով բիզնես միջավայրը, ինչը ծառայում է հայաստանյան ընկերությունների շահերին, այն հիմնականում ուղղված է հայերին»,- ասաց ԵՄ դեսպանը:

Բիզնես միջավայրի բարելավումից զատ, ԵՄ-Հայաստան համագործակցության կարևոր ոլորտներից են նաև կոռուպցիայի դեմ պայքարը, դատաիրավական համակարգի անկախության ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, նաև ժողովրդավարական օրակարգը: Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ Հայաստանի հարաբերութույուններին, դեսպանն ասաց՝ իրենք դրանց խանդով չեն վերաբերվում: Փորձը ցույց է տալիս, որ Հայստանը կարող է լինել Ռուսաստանի դաշնակիցը, միևնույն ժամանակ, ունենալ հագեցած հարաբերություններ Եվրամիության հետ։

«Որպես Եվրամիության ներկայացուցիչ, ես չեմ խանդում, երբ լսում եմ, որ Հայաստանը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ այս կամ այն գործընկերոջ հետ, լինի դա Ռուսաստանը, թե Ամերիկան։ Քանի դեռ հայերը ցանկանում են ինձ հետ բարեկամ լինել, դա նորմալ է։ Ես խրախուսում եմ, որ դուք ունենաք շատ ընկերներ»,- ասաց Սվիտալսկին, վստահեցնելով՝ Ռուսաստանի և Եվրամիության արտաքին քաղաքականությունների միջև մրցակցություն չկա։

«Մենք չենք մրցում, բայց մյուս կողմից մենք միակ օտարերկրյա գործընկերն ենք, որը պատրաստ է մեծացնել Հայաստանին ուղղված իր աջակցության մակարդակը, քանի դեռ դա գնահատվում է և կա դրա պահանջարկը։ Բայց մեր ընդհանուր քաղաքականությունն այն է, որ մենք չենք պարտադրում որևէ բան, մենք դա անում ենք որպես գործընկեր»,- շարունակեց Հայաստանում ԵՄ դեսպանը՝ ամփոփելով․

«Հայաստանն ունի շատ բարձր ինտելեկտուալ ներուժ: Հայաստանը խորհրդանշող բնութագրերից է հայերի ձեռնարկատիրական ձիրքը: Հայաստանում գիտեն, թե ինչպես բիզնես անել` չնայած ֆինանսական միջոցների դժվար հասանելիությանը: Միատարր ազգ եք, համերաշխության զգացողությունը մեծ է, դուք գիտեք՝ ինչպես աշխատել, որպես ազգ, կրոնական և էթնիկ խումբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG