Մատչելիության հղումներ

Նալբանդյանը հաստատում է՝ Մամեդյարովի հետ հանդիպումը ծրագրված է վաղը


Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյան և Էլմար Մամեդյարով, արխիվ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյան և Էլմար Մամեդյարով, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հաստատել է, որ վաղը Նյու Յորքում ծրագրված է հանդիպում Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ:

«Այո, այդպիսի հանդիպում ծրագրված է սեպտեմբերի 23-ին։ Օրակարգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաև՝ համանախագահների տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Սրանք են այն երկու հարցերը, որոնց մասին խոսելու ենք Մամեդյարովի հետ», - արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ասել է Նալբանդյանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայն»-ի հարցին:

«Հայաստան-Սփյուռք համաժողովին Ձեր ելույթում անդրադարձաք ղարաբաղյան հակամարտությանը և խոսեցիք որոշ տարածքների վերադարձի վերաբերյալ, ինչը տարաբնույթ մեկնաբանություններ առաջացրեց։ Խնդրեմ ավելի հանգամանալից ներկայացնեիք, թե ինչ ի նկատի ունեիք», - այս հարցին էլ Հայաստանի արտգործնախարարն արձագանքել է․ - «Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակվող հայտնի երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին՝ որպես մեկ ամբողջություն, և փորձերը տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ»։

«Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց հանրապետության նախագահը՝ կարևորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար և տրամաբանական ձևով, որովհետև մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Կցանկանայի կրկնել նաև այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ», - հայտարարել է Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG