Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, որի կազմում են ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը և Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը և Ջիմ Սենսենբրեները:
«Նշելով, որ ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության այցը Հայաստան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների զարգացման և խորացման հարցում Հայաստանը աջակիցներ և բարեկամներ ունի թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների շարքերում, Սերժ Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են Հայաստան երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական՝ 25-րդ տարում»,- մասնավորապես, նշված է նախագահի կայքէջում տեղադրված հաղորդագրության մեջ:
ԱՄՆ կոնգրեսականներն, իրենց հերթին, նշել են, որ ուրախ են Անկախության տոնի օրը Հայաստանում գտնվելու և տոնը հայ ժողովրդի հետ միասին նշելու հնարավորության համար: «Կոնգրեսականներն իրենց պատրաստակամությունն են հայտնել ջանքեր գործադրել հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ»: