Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության տոնի առթիվ


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի, հոգևոր դասի ներկայացուցիչներից, անհատներից շնորհավորանքներ ստանալ Հայաստանի Անկախության տոնի առթիվ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի ուղերձում մասնավորապես ասված է․ - «Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության, ժողովրդի և անձամբ իմ անունից Ձեզ և ի դեմս Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ: Ձեր ղեկավարությամբ Հայաստանում պահպանվում է քաղաքական կայունությունը, զարգանում է ազգային տնտեսությունը և շարունակաբար բարձրանում է բնակչության բարեկեցությունը: Չինական կողմը անկեղծորեն ուրախ է Հայաստանի սոցիալ-տնտեսական բնագավառում ձեռք բերված հաջողությունների համար: Ես մեծ նշանակություն եմ տալիս հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ օգտվել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացման հնարավորությունից, Ձեզ հետ հետագա ջանքեր գործադրել, որպեսզի երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը բոլոր ուղղություններով հասնեն նոր առաջխաղացման՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների: Հայաստանի Հանրապետությանը մաղթում եմ բարգավաճում, իսկ նրա ժողովրդին՝ երջանկություն»:

«Շատ ուրախ եմ Ձեր ազգային տոնի առթիվ Ձերդ Գերազանցությանը հղել իմ շնորհավորանքներն ու ջերմ բարեմաղթանքները՝ երջանկություն մաղթելով Հայաստանի ժողովրդին առաջիկա տարում», - ասված է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ երկրորդի ուղերձում:

«Այս առանձնահատուկ օրվա առիթով Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին իմ և իմ համերկրացիների անունից հղում եմ իմ սրտագին բարեմաղթանքները: Այս տարին առանձնահատուկ է հայ-գերմանական հարաբերությունների համար. 25 տարի առաջ մեր երկու երկրները հաստատեցին դիվանագիտական հարաբերություններ: Այդ ժամանակից ի վեր ստեղծվել է սերտ և փոխվստահելի համագործակցություն, որը մենք կարող ենք ավելի խորացնել: Գերմանիան ողջունում է Հայաստանի և Եվրամիության միջև նոր, համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտը և հետայսու ևս գործընկերաբար կաջակցի Հայաստանին եվրատլանտյան հանրությանն ինտեգրվելու ճանապարհին: Մաղթում եմ Ձեզ անձամբ՝ քաջառողջություն, իսկ Հայաստանի Հանրապետությանը՝ խաղաղ, ազատ և բարեկեցիկ լավ ապագա», - ասված է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի ուղերձում:

Հայաստանի նախագահին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը, Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլեն, Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդը, Սինգապուրի նախագահ Հալիմա Յաքոբը, Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդալազիզ Ալ Սաուդը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Մարոկոյի թագավոր Մուհամադ վեցերորդը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG