Մատչելիության հղումներ

Հայաստանը տոնում է Անկախության օրը


Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության տոնը։ Այս տարի լրացավ անկախության հռչակման 26-ամյակը։

1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին:

Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպություններ ու գործիչներ:

«26 տարի առաջ մեր պատմության մեջ բացվեց մի նոր էջ` հռչակեցինք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը: Այդ որոշումը փոխեց Հայաստանի ոչ միայն կարգավիճակը, այլև ճակատագիրը, որը միավորում է բոլորիս: Պետություն ունենալը պատիվ է ու առավելություն, և այդ գիտակցումով էլ, չնայած բոլոր դժվարություններին ու փորձություններին, մենք կարողացել ենք պահպանել հիմնական արժեքը` պետական անկախությունը», - մասնավորապես ասված է Արա Բաբլոյանի ուղերձում, որ հրապարակել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը: - «Կարևոր է, որ ամեն մեկս, հեռու թե մոտիկ, մեր սրտում զգանք հայոց պետականությունը, մտածենք նրա մասին, հանուն նրա անենք ամեն ինչ և հարգենք մեր երկիրը: Մենք պետք է հավատանք սեփական ուժերին և լավատեսությամբ նայենք ապագային»:

Վարչապետ Կարեն Կարապետյանի ուղերձում, կառավարության տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչության փոխանցմամբ, մասնավորապես ասված է․ - «Անկախության 26 տարիները մեր երկրի և ժողովրդի համար լի են եղել փորձություններով, սակայն մեզ հաջողվել է ամրապնդել նորանկախ պետության հիմքերն ու առաջ շարժվել երկրի զարգացման ճանապարհով։ Զարգացման յուրաքանչյուր փուլ իր հետ բերում է նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարումն ավելի է ամրապնդում մեր պետությունը՝ այն դարձնելով ավելի գրավիչ ու մրցունակ։ Այս նոր փուլի հրամայականն է ժամանակակից և առաջադեմ երկիր ստեղծելը, Ազատ, Անվտանգ, Արդար ու Խելացի Հայաստան ունենալը։ Համոզված եմ, որ այս նպատակի իրագործման համար մենք ունենք բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ամենակարևորը՝ մեր ստեղծարար ժողովրդի ներուժը։ Վստահ եմ, որ միասնաբար ի զորու ենք կառուցել մեր երազած հայրենիքը»։

Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

Անկախության տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է Հանրապետական մաղթանք` հանդիսապետությամբ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի:

«Համազգային տոն է տարեդարձը մեր անկախ պետականության, որը պսակն է հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի, մեր հայրենիքի մաքառումների ու հաղթանակների, նաև՝ վկայությունը քրիստոնեական մեր ինքնության ու գոյության», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ արարողության ժամանակ իր խոսքում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Մեր ժողովուրդը երբեք իր առջև ընդամենը գոյատևելու խնդիր չի դրել: Մեր ձգտումը միշտ եղել է ավելին՝ հասնել բաղձալի ազատության, պահպանել հավատքի սրբությունը, ապրել Աստծո փառքի համար՝ մեր ստեղծածը, մեր կյանքը ծառայեցնելով բարուն, արդարությանն ու ճշմարտությանը: Դարավոր մեր հայրենիքում մենք մեր պետականությունը վերակերտեցինք, որպեսզի հայրենի մեր երկիրը համայն հայության տունը դարձնենք, մեր ինքնությունը անխախտ ու անվտանգ պահենք, աշխարհի հետ մեր լեզվով ու ոճով խոսենք, մեր մշակույթն ու դպրությունը զարգացնենք, մեր երկիրը մեր բազկի զորությամբ, մեր հոգու արիությամբ պաշտպանենք: Այսօր, երբ մենք ենք տնօրինողը մեր կյանքի և կերտողը մեր ապագայի, պիտի հիշենք և երբեք չպիտի մոռանանք, որ ազատության չարաշահումը նույնքան վտանգավոր է, որքան ազատություն չունենալը», - նշել է Գարեգին երկրորդ Վեհափառը:

«Ազատությունն ու անկախությունը այսօր էլ իմաստ ու արժեք են ստանում, երբ քրիստոնեական մեր արժեքները, միմյանց հանդեպ սերը, ազգ, պետություն շենացնելը գերիշխող նպատակներ են մեր կյանքում: Թանկ ենք վճարել մեր անկախ պետականության համար: Պահենք Հայաստան մեր երկիրը, մեր հայրենիքը, որ լինի պատվարը ազգահավաքության, մեր աշխարհացրիվ ժողովրդի ապահովության և առաջընթացի, պահենք մեր երկիրը մեր զավակների և սերունդների լուսավոր կյանքի համար, պահենք մեր երկիրը Աստծո փառքի համար», - հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG