Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ


Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ:

Հայաստանի նախագահը մեկ անգամ ևս շնորհավորել և հաջողություն է մաղթել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին այդ բարձր և պատասխանատու առաքելության մեջ: Հանդիպման մասնակիցները ջերմությամբ են հիշել Գուտերեշի այցը Հայաստան՝ որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար, և այցի շրջանակում կայացած արդյունավետ երկխոսությունը:

Նշելով, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը տոնեց ՄԱԿ-ին անդամակցության 25-ամյակը, Սարգսյանը փաստել է, որ անդամակցությունից ի վեր երկիրն ակտիվորեն ներգրավված է ՄԱԿ-ի և դրա կառույցների աշխատանքներում: Անցած 25 տարիների ընթացքում, ըստ նախագահի, Հայաստանը մշտապես զգացել է ՄԱԿ-ի թիրախային աջակցությունը Հայաստանին, որը խթանել և ամրապնդել է Հայաստանի զարգացման ներուժը։ Այս կապակցությամբ նա գոհունակություն է հայտնել արդյունավետ համագործակցության կապակցությամբ և հույս հայտնել, որ Անտոնիո Գուտերեշի ղեկավարությամբ այն առավել կամրապնդվի և կզարգանա:

Նախագահը վստահեցրել է, որ այսուհետ ևս Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ՝ «Կայուն զարգացման 2030 օրակարգի» շրջանակում և կայուն զարգացման նպատակները հաստատակամորեն կյանքի կոչելու հանձնառությամբ:

Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ներկայումս Հայաստանում ակտիվորեն ընթանում է Կայուն զարգացման նպատակների ազգայնացման և իրականացման գործընթացը: Կայուն զարգացման 2030 օրակարգի ազգայնացման նպատակով մշակվել է ճանապարհային քարտեզ, այնուհետև՝ Կայուն զարգացման նպատակների իրականացման Ազգային գործողությունների ծրագիր:

Հանդիպմանն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Նախագահը գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին` ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին լիակատար աջակցության կապակցությամբ:

Հայաստանի նախագահը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին, որտեղ երեկ ելույթ է ունեցել: Ելույթից հետո Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ, ովքեր եկել էին լսելու նրա ելույթը:

Երեկոյան Հայաստանի նախագահը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG