Մատչելիության հղումներ

Հատուկ համերգով նշվում է Արաքս Մանսուրյանի ստեղծագործական գործունեության հոբելյանը


Հոգևոր և օպերային երաժշտության մեր լավագույն մեներգչուհիներից Արաքս Մանսուրյանը ստեղծագործական երկար ուղի է անցել, և ահա այս երեկո Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա համերգ՝ նվիրված երգչուհու ստեղծագործական գործունեության 50-ամյա հոբելյանին:

Ուշագրավ է, որ հոբելյանական այս համերգին, որի ընթացում հնչելու են Կոմիտասի և Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները, մասնակցելու են Արաքս Մանսուրյանի օտարազգի ուսանողները: Նրանք արդեն իսկ Սիդնեյի օպերային թատրոնի մեներգիչներ են:

«Սկզբունքս եղել է ազնիվ նվիրվել արվեստին, ազնիվ լինել առհասարակ բոլոր հարաբերությունների մեջ, մարդկային հարաբերությունների մեջ: Երբ ազնիվ ես մարդկային հարաբերությունների մեջ, չես կարող կեղծ լինել արվեստում: Ես տանել չեմ կարողանում արվեստի մեջ կեղծիք: Կան երգիչներ, որոնց կեղծիք-երգեցողությունը անմիջապես երևում է, ասում ես՝ ահա, ինքը կեղծ մարդ է, ազնիվ չէ: Ազնվությունը ինձ համար առաջնային է: Ես միշտ չեմ հարգել այն երգիչներին, ովքեր, երբ սկսում է ձայնը տատանվել և կորցնում են որակը, ագահությունը իրենց չի թույլ տալիս թողնել բեմը», - ասաց աշխարհահռչակ երգչուհին:

Նա հատուկ նշեց իր հիացմունքը այսօրվա համերգի դիրիժորի՝ Ռուբեն Ասատրյանի աշխատանքով․ - «Նվիրումը, բծախնդրությունը, նրբությունը․․․ և իր աշխատանքը, որովհետև կային նոտաներ, որ այստեղ գոյություն չուներ: Գիշերներ է լուսացրել, որպեսզի նվագախմբի գործիքների մասը գրի: Պատկերացնում եք, դա ինչ մեծ նվիրում է․․․ Այնքան շնորհակալ եմ իրեն: Ազնվագույն մարդ, հրաշալի երաժիշտ»:

«Ազատության» հարցին, թե արդյոք չի պատրաստվում ի վերջո վերադառնալ Սիդնեյից, որտեղ բնակվում է վերջին 20 տարիներին և կրկին բնակություն հաստատել հայրենիքում, Արաքս Մանսուրյանը պատասխանեց․ - «Պիտի լինես այնտեղ, որտեղ որ քո սիրտն է: Եվ բոլորը նկատում են, ասում են՝ ինչ ուրախ եք էստեղ: Ես չեմ ուզում ասել բառ, որը միշտ ասել եմ՝ ես գալու եմ: Ես ուզում եմ գալ, ես ուզում եմ լինել Հայաստանում: Սա իմ երազանքն է: Իհարկե: Հիմա արդեն մտածում եմ այստեղ իմ բնակարանի մասին, մտածում եմ այստեղ ունենալ իմ տունը և այստեղ լինել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG