Մատչելիության հղումներ

Այսօր Սեֆիլյանի և մյուսների սանկցիաների ժամկետը սպառվեց, կիրառվեցին նոր սանկցիաներ


Ժիրայր Սեֆիլյանը դատարանում, արխիվ

Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստին լրացավ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Հրայր Թոփչյանի և Սասունիկ Կիրակոսյանի՝ դահլիճից հեռացվելու 10-ժամյա ժամկետը։ Հիշեցնենք՝ դատավորը նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառել անհարգալից վերաբերմունք դրսևորելու և ոտքի չկանգնելու համար։

Բոլոր ամբաստանյալները դահլիճ բերվեցին, բայց այսօրվա նիստը ևս առանց սանկցիաների չընթացավ: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նախ մի քանի նախազգուշացում հայտարարեց Գևորգ Սաֆարյանին՝ առանց թույլտվության խոսելու և ոտքի չկանգնելու համար, ապա նրա նկատմամբ կրկին սանկցիա կիրառեց՝ դահլիճից հեռացնելով 4 ժամով։ Դատավորին դիմելիս ոտքի չկանգնեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, ասելով, թե հայտարարություն ունի անելու։ Դատավորը զգուշացրեց՝ հարգալից եղեք, այլապես ձեր նկատմամբ ևս սանկցիա կկիրառվի։

Այդպես էլ եղավ, Սեֆիլյանը ևս 4 ժամով նիստերի դահլիճից հեռացվեց: Նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց՝ քանի որ իր պաշտպանյալին հեռացրեցին նիստերի դահիճից, ինքն էլ է հեռանում։ Հանրային պաշտպան Մարինե Թովմասյանը, ով Ներսես Պողոսյանի և Ժիրայր Սեֆիլյանի կամքին հակառակ ստանձնել է նրանց պաշտպանությունը, դատարանին տեղակացրեց՝ Պողոսյանը ցանկանում է, որ իր հետագա պաշտպանությունն իրականացնի փաստաբան Արայիկ Պապիկյանը։

Պապիկյանը ստանձնեց Ներսես Պողոսյանի պաշտպանությունը, թեև առավոտյան՝ նիստի մեկնարկից առաջ դատական կարգադրիչները հրաժարվում էին նրան ներս թողնել՝ առանց պայուսակը բացելու։ Փաստաբանն ասաց, որ առավոտյան ազատվել է մետաղական մաս պարունակող բոլոր իրերից և պատրաստ է ապացուցել, որ մետաղորսիչ սարքից եկող ազդանշանն իրականում ոչինչ չի նշանակում։ Նա պայուսակից հերթով հանեց գործի նյութերը, օրենսգիրքը, գրենական պիտույքները։

Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն այսօր դատարան էին եկել դատավոր Տաթևիկ Գրիգորյանին և հանրային պաշտպան Մարինե Թովմասյանին պատկերող խրտվիլակներով։ Նրանք ցանկանում էին խրտվիլակները մտցնել նիստերի դահլիճ, բայց ոստիկանները թույլ չտվեցին։ Մինչդեռ՝ «Հայ կանանց ճակատի» անդամները պնդում էին, թե խրտվիլակն արգելված իրերի ցանկում չէ:

Դատարանն այսօր մերժեց նաև հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի միջնորդությունը՝ քրեական վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու համար։ Նրա պնդմամբ՝ միայն բարձագույն ատյանը կարող է պատասխան տալ օրենքում առկա հակասությունների հետ կապված հարցին՝ այդպիսով վերջ դնելով հանրային պաշտպաններին առնչվող խնդիրներին։

Դատարանն այսօր լսեց նաև գործով մեղադրյալ Սմբատ Գալոյանի ցուցմունքը: Նա պատմեց, որ ճանաչել է Հովհաննես Պետրոսյանին և Ներսես Պողոսյանին: Մեղադրյալը հայտնեց, թե նշված անձանց հետ քննարկել է զինված խումբ ստեղծելու՝ Ժիրայր Սեֆիլյանի գաղափարը, բայց և հավելեց՝ երբ իմացել է, որ պետք է գրավեն Նուբարաշենի զորամասը, հրաժարվել է զինվորների վրա զենք պահելու առաջարկից: Գալոյանի ցուցմունքը կիսատ մնաց, քանի որ դատական նիստը փաստաբան Արայիկ Պապիկյանի միջնորդությամբ հետաձգվեց մինչև սեպտեմբերի 22-ը։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանը զինված խմբեր է ստեղծել՝ ռազմավարական նշանակության շենքեր գրավելու համար, որպեսզի պետությանը պարտադրեր որոշակի գործողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG