Մատչելիության հղումներ

«Ելք» խմբակցության քարտուղար․ Անթույլատրելի է, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի կառավարել երկիրը


«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Ազատություն» TV-ի տաղավարում, արխիվ
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Ազատություն» TV-ի տաղավարում, արխիվ

Թեև իշխող Հանրապետականը վստահեցնում է, որ մինչ օրս չեն քննարկել՝ ով է լինելու Հայաստանի վարչապետը, երբ երկիրն անցնի խորհրդարանական կառավարման, և Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի լիազորությունները, սակայն հանրապետական մի շարք պատգամավորներ հայտարարում են՝ Սերժ Սարգսյանից լավ վարչապետ չեն տեսնում:

Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության կարծիքով՝ դա Հայաստանը կտանի է՛լ ավելի մեծ անկման, սակայն Սարգսյանի թեկնածության դեմ փողոցային պայքարի դուրս գալու մասին «Ելք»-ը առայժմ չի խոսում:

«Բնականաբար, անթույլատրելի է, որպեսզի Սերժ Սարգսյանը շարունակի կառավարել երկիրը: Որովհետև մենք, այո, գնում ենք հենց Ադրբեջանի ճանապարհով, ԵԱՏՄ բոլոր երկրների ճանապարհով՝ սա տոտալիտար համակարգ է կոչվում», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Հակոբ Հակոբյանը մի շատ հետաքրքիր հարցազրույց էր տվել և ասում էր՝ դե, Սերժ Սարգսյանը եթե ուզի դառնալ վարչապետ, Հանրապետական կուսակցությունը կորոշի, և նա կդառնա: Սա ինչ է նշանակում՝ որ մի անձ է որոշում: Երբ երկրի ճակատագիրը կախված է մի անձից, ճակատագրական վատ իրավիճակ է երկրի համար», - ընդգծեց նա՝ շարունակելով․ - «Հանրապետական կուսակցությունը ստեղծվել է անկախական գաղափարների, Նժդեհի գաղափարախոսության վրա, և անկախական գաղափարախոսությունից խոսացողները հիմա երկիրը տանում են տոտալիտարիզմի՝ նրա, ինչի դեմ պայքարել են Հանրապետական կուսակցության ստեղծողները: Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ երկիրը կառավարելը հակասում է հանրապետականների հիմնարար գաղափարներին»:

«Սա ուղղակի անթույլատրելի է: Հայաստանը այս ամեն ինչով աշխարհի բոլոր պետությունների աչքին կդասվի նույն հարթության մեջ, ինչ՝ Թուրքմենստանը, Ադրբեջանը, Բելառուսը, ու մենք բոլոր ոլորտներում կունենանք այդ անկումը՝ մարդու իրավունքների, մամուլի ազատության, բոլոր, բոլոր ոլորտներում: Սա միայն սկիզբը կարող է լինել այդ անկման», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հիշեցմանը, որ հենց ինքն է կարծիք հայտնել, որ մեծ իմաստով՝ ի՞նչ տարբերություն, թե ում կառաջադրի Հանրապետականը, Գորգիսյանը արձագանքեց․ - «Բնականաբար, ես ինքս ասել եմ դա և չեմ ժխտում, որովհետև նույնիսկ եթե Սերժ Սարգսյանը ստվերային կառավարում է, դա նույնպես անթույլատրելի է: Բայց երբ ավելի լայն ենք նայում՝ քանի դեռ Հանրապետական կուսակցությունն է իշխանության, այո, միևնույնն է, որովհետև էլի որոշումները կայացնելու է մի անձ, և երկրի ճակատագիրը՝ թե երկիրը ուր է գնալու, ինչ ճանապարհով, որոշելու է մի անձ, և սա շատ վատ իրավիճակ է, որ մենք հիմա ունենք»:

Կոնկրետ Սերժ Սարգսյանի մասով՝ պայքարելո՞ւ են, թե՞՝ ոչ, այս առնչությամբ Գևորգ Գորգիսյանը հայտարարեց․ - «Պայքարը, այսպես ասեմ՝ մենք ընտրություններին պայքարում էինք հենց դրա դեմ, որպեսզի Սերժ Սարգսյանը չշարունակի․․․ Դա անցած էտապ է, հաջորդ էտապը հինգ տարուց է լինելու՝ հաջորդ ընտրություններին: Եթե մինչ այդ լինի ժողովրդի պահանջ՝ հանրային բողոք, հանրային ալիք, «Ելք»-ը չի կարող անմասն մնալ դրանից, և «Ելք»-ը ունի լեգիտիմ իրավունք այդ ամենը առաջնորդելու: Եթե՛ լինի»:

«Ժամանակը կգա՝ մենք կորոշենք, ինչ ենք անում, ոնց ենք անում, ոնց ենք չափում՝ դա մեր ներքին քննարկումների, մեր որոշելիքն է», - նշեց «Ելք» խմբակցության քարտուղարը:

Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG