Մատչելիության հղումներ

Պատկան մարմիններին չի անհանգստացնում ձկների հայտնվելը ոռոգման ցանցում


Այն փաստը, որ Արմավիրի մարզի Քարակերտ և Արգինա գյուղերի ոռոգելի ցանցում հայտնվել են հազարավոր ձկներ, չի անհանգստացնում Ջրային տնտեսության պետական կոմիտեին։

«Ազատության» հետ զրույցում Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ընկերության գլխավոր ինժեներ Էդուարդ Սարգսյաննը նշեց, թե Ախուրյանի ջրամբարից ամեն տարի էլ ձուկը ջրատարներով հասնում է գյուղացու հողին․ - «Ջուրը գալիս ա, շլյուզը բացում են, փականը, ջուրը գնում ա, մարդիկ ոռոգում են»:

Հարցին, թե արդյոք այստեղ անելիք չունի Ջրային տնտեսության պետական կոմիտեն, Սարգսյանն արձագանքեց․ - «Ի՞նչ պիտի անի: Դուք կարո՞ղ եք ասել: Ամեն տարի էլ նույն ջրանցքներով էդ ձուկը գալիս ա, և մարդիկ էդ ձկները բռնում են»:

Ֆեյսբուքի օգտատերերից մեկի՝ երեկ հրապարակած տեսանյություն երևում է, թե ինչպես են բնակիչները դույլերով ջրատարից ձկներ հանում։

Գյուղացիներն ասում են, որ մեկ ամիս շարունակ նման վիճակ է։ Ենթադրում են, որ ջրամբարում ջրի սակավության պատճառով ձկները շարժվում են բաց թողնվող ջրի ուղղությամբ ու հայտնվում իրենց հողերում։

Թեև ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հավաստմամբ, ջրառի ժամանակ ձկների տեղաշարժը կանխելու համար պետք է ցանց տեղադրել, «Ջրառ»-ի տնօրենի տեղակալի բնորոշմամբ՝ մանր-մունր ձկների անկումը կանխելու տարբերակ չկա․ - «Ես չեմ հասկանում, թե ինչ աժիոտաժ դառավ: Ժողովրդապաշտպանությունը թողել են, անցել են ձկնապաշտպանության գործին: Մանր-մունր կարասներ են․․․»

Բնապահպանության նախարարությունը չի կարող պատասխանել, թե ում մեղավորությամբ են հազարավոր ձկները հայտնվել ոռոգման ցանցում։ Եվ ընդհանրապես բնապահպանական որևէ աղետի դեպքում նախարարությունը ժամանակավորապես ստիպված է լռել, քանի որ տեսչական մարմինը լուծարված է։

«Բնապահպանության նախարարությունը, բնականաբար, պետք է հաշվարկի շրջակա միջավայրին հասցված վնասը: Բայց քանի որ Բնապահպանության նախարարության պետական տեսչությունը լուծարվել է և ներկայում ձևավորվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որը ձևավորման փուլում է, շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատում չի կարող իրականացվել», - ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյան։

Նկարահանման պահին Քարակերտ գյուղի ջրատարում նեխող տասնյակ ձկներ կային։ Առողջապահության նախարարությունից հավաստիացրին, որ այս հարցում անելիք չունեն։ Ջրատարների ջրի մաքրությանը հետևելը համայնքի գործառույթն է։

Արդյո՞ք կարելի է ուտել այդ ձուկը և արդյո՞ք այն կհայտնվի շուկաներում, մնում է գյուղացիների հայեցողությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG