Վրաց ազգայնականները պահանջում են սահմանադրորեն արգելել օտարերկրացիներին գյուղատնտեսական նշանակության հողերի վաճառքի ցանկացած հնարավորություն: Երեքշաբթի երեկոյան նման պահանջով Թբիլիսիի կենտրոնում հերթական «Վրացական քայլերթը» տեղի ունեցավ:
«Վրացական քայլերթեր» կազմակերպող ազգայնականների այս խումբը լայն հանրությանը հայտնի դարձավ մի քանի ամիս առաջ, երբ նրանք Թբիլիսիի փողոցներ դուրս բերեցին իրենց մի քանի հազար կողմնակիցներին` պահանջելով խստացնել միգրացիոն օրենսդրությունն ու Վրաստանի տարածքից արտաքսել բոլոր անօրինական ներգաղթյալներին` նախևառաջ արաբական պետությունների քաղաքացիներին:
Երեքշաբթի կայացած այս գործողության ֆորմալ առիթը Վրաստանում ծավալված սահմանադրական բարեփոխումների գործընթացն է: Նոր Սահմանադրության նախնական տարբերակում գյուղատնտեսական նշանակության հողերի` օտարերկրացիներին վաճառքի արգելք գոյություն չուներ: Հետագայում, մամուլում և քաղաքական շրջանակներում բարձրացած բողոքի ալիքից հետո այդ լրացումը տեղ գտավ երկրի հիմնական օրենքի նախագծում` հաստատվելով առաջին և երկրորդ ընթերցմամբ: Վրաց ազգայնականները, սակայն, մտավախություն ունեն, որ այս արգելքը, այնուհանդերձ, որոշակի սողանցքներ է պարունակում: Մասնավորաբար, գյուղատնտեսական հողեր գնելու իրավունք են ստանում բանկերը, ինչը, ըստ ազգայնականների, հնարավորություն կտա օտարերկրացիներին միջնորդավորված կերպով ձեռք բերել, ասենք, Կախեթիայի խաղող այգիները:
Ուշագրավ է, որ «Վրացական քայլերթի» հիմնական թիրախները երկուսն էին` Ջորջ Սորոսի կողմից ֆինանսավորվող «Բաց հասարակություն-Վրաստան» հիմնադրամն ու իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից քաղաքապետի պաշտոնում առաջադրված Կախա Կալաձեն: Սորոսին վրաց ազգայնականները մեղադրում են Վրաստանի շահերին հակասող գործունեություն ծավալելու մեջ: Կալաձեից էլ ազգայնականները հանդիպում էին պահանջում` պնդելով, որ նա հստակ երաշխիքներ տա, որ գյուղատնտեսական նշանակության հողերը չեն հայտնվի օտարերկրացիների ձեռքում:
Կախա Կալաձեն, սակայն, համոզված է, որ ազգայնականների գործողությունները ուղղորդված են և հիմնված են կեղծ օրակարգի վրա:
«Այն, որ հողատարածքները չեն վաճառվի օտարերկրացիներին, նախևառաջ քաղաքական մեր թիմի ձեռքբերումն է: Հենց «Վրացական երազանք»-ն էր, որ որոշեց Սահմանադրության տեքստում հատուկ դրույթով ամրագրել այդ արգելքը: Ինչ վերաբերում է վերջին օրերին հնչող հայտարարություններին, թե այդ արգելքն ի վերջո շրջանցվելու է, ապա ես վստահ եմ, որ դա նպատակաուղղված ապատեղեկատվություն է», - հայտարարում էր Կալաձեն: