Մատչելիության հղումներ

«Կոմերսանտ»․ Պուտինը նոյեմբերին կհայտարարի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, Մոսկվա, 9-ը սեպտեմբերի, 2017թ․

Կրեմլը պատրաստվում է եկող տարվա մարտին անցկացվելիք նախագահական ընտրություններին։ «Կոմերսանտ» պարբերականն այսօր գրել է, թե արդեն նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտարարի, որ մասնակցելու է ընտրություններին։ Սա տեղի կունենա միջոցառումներից մեկի ընթացքում, հավանաբար՝ ռուսաստանցիների հետ շփման ժամանակ, ի պատասխան ռուսաստանցիների խնդրանքի։

Որ Պուտինը մասնակցելու է այդ ընտրություններին՝ Մոսկվայում չեն կասկածում։ Որոշված չէ միայն, թե ինչպես է նա առաջադրվելու։ «Կոմերսանտ»-ը գրում է, որ Պուտինը կգնա ընտրությունների ոչ թե որպես իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու, այլ կստեղծվի հատուկ նախաձեռնող խումբ, որն էլ կզբաղվի ստորագրահավաքով։ Գրանցման գործընթացն էլ կկայանա հունվարին, գրում է ռուսաստանյան պարբերականը։ Կրեմլը հնարավորինս ժամանակ կձգի նախընտրական քարոզարշավը սեղմ ժամկետներում անցկացնելու նպատակով:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այսօր մեկնաբանելով «Կոմերսանտ»-ի հոդվածը, չի բացառել, որ Պուտինը մասնակցի ընտրություններին, թեև ասել է, որ նախագահը դեռ չի հայտարարել իր որոշման մասին։ Պեսկովը նաև նշել է, որ օրենսդրությունը թույլ է տալիս Պուտինին մասնակցել ընտրություններին և՛ որպես «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու, և՛ պարզապես որպես ժողովրդական թեկնածու, այսինքն՝ ինքնաառաջադրվել:

Ավելի վաղ նույն «Կոմերսանտ»-ը գրել էր, թե Կրեմլը սցենար է մշակում, որով Պուտինի հիմնական մրցակիցը լինի կին թեկնածու, նույնիսկ հնչել է հայտնի լրագրող Քսենյա Սոբչակի անունը։ Սոբչակը, ի դեպ, ասել է, որ եթե նման որոշում կայացնի, դա կլինի իր սեփական որոշումը միայն, այլ ոչ թե Կրեմլի։

Ընդդիմության հիմնական թեկնածուն այդ ընտրություններին Ալեքսեյ Նավալնին է, ով արդեն ակտիվ նախընտրական քարոզարշավ է սկսել, Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում նախընտրական շտաբներ է բացել: Խնդիրը, սակայն, այն է, որ Նավալնուն դժվար թե գրանցեն որպես թեկնածու, քանի որ նա դատապարտված է պայմանական ազատազրկման հայտնի «Կիրովլեսի գործով»։ Որ Նավալնուն դժվար թե գրանցեն՝ դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պանֆիլովան։

Հայտնի չէ նաև, թե արդյոք ընտրություններին կմասնակցեն մշտական թեկնածուներ, Ռուսաստանի համակարգային ընդդիմության կարկառուն դեմքերը՝ կոմունիստների ղեկավար Գենադի Զյուգանովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին և «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը։

Կիրակի օրը Ռուսաստանում, այդ թվում՝ մայրաքաղաք Մոսկվայում անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ Պետդումայում ներկայացված համակարգային ընդդիմությունը զգալիորեն կորցրել է վարկանիշը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG