Մատչելիության հղումներ

Նավալնին պնդում է՝ հատուկ ծառայությունները հետապնդում են իր ընտանիքին


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին դատարանում, Մոսկվա, 16-ը հունիսի, 2017թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին դատարանում, Մոսկվա, 16-ը հունիսի, 2017թ․

Ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին Reuters լրատվական գործակալության հետ զրույցում պատմել է, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունները անընդհատ հետապնդում են իր ընտանիքի անդամներին, այդ թվում՝ երկու երեխաներին:

Նավալնին նշել է, որ հատուկ ծառայությունների մեծ թվով աշխատակիցներ իր շուրջն էին կենտրոնացել հատկապես հունիսի 12-ի ցույցերի նախաշեմին: Այդ օրը Ռուսաստանի տարբեր քաղաքներում հակակոռուպցիոն ակցիաներ են տեղի ունեցել, որոնք կազմակերպել էին Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները: Բողոքի ակցիաներին հաջորդեցին ձերբակալություններ և քրեական գործեր: Նավալնին նույնպես ձերբակալվել էր և 25 օրվա ազատազրկման դատապարտվել:

Հարցազրույցում Նավալնին վստահություն է հայտնել, թե գրանցվելու է որպես Ռուսաստանի նախագահի թեկնածու՝ 2018 թվականի ընտրություններին մասնակցելու նպատակով: Նրա խոսքով՝ այժմ ինքը փորձում է համոզել բոլորին, որ եթե իրեն թույլ չտան մասնակցել ընտրություններին, ապա «չի կարելի դրանք ընտրություններ համարել»:

Ավելի վաղ Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել է, թե ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին «չունի շանսեր» որպես թեկնածու գրանցվելու՝ դատվածության պատճառով: Խոսքը «Կիրովլեսի գործի» մասին է, որը, ըստ ընդդիմադիր գործչի, շինծու գործ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG