Մատչելիության հղումներ

Սաակաշվիլին հայտարարում է՝ Ուկրաինայում իր գտնվելն «օրինական է», Կիևը սպառնում է պատժել նրան


Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Լվովում, 11-ը սեպտեմբերի, 2017 թ․
Միխեիլ Սաակաշվիլին ելույթ է ունենում Լվովում, 11-ը սեպտեմբերի, 2017 թ․

Երեկ հարյուրավոր համակիրների հետ ճեղքելով Լեհաստան-Ուկրաինա սահմանը, Միխեիլ Սաակաշվիլին հասել է Լվով: Կիրակի երեկոյան քաղաքի հրապարակում հանրահավաք է տեղի ունեցել, իսկ Լվովի քաղաքապետը Վրաստանի նախկին նախագահին (Օդեսայի նախկին նահանգապետին) հրավիրել է քաղաքապետարան:

Սաակաշվիլին ասել է, որ առաջիկա գործողությունների ծրագիր չունի, խորհրդակցություններ կանցկացնի քաղաքական գործիչների հետ և հենց Լվովում էլ կսպասի իր կնոջն ու որդուն: Այսօր կայացած ասուլիսում նա պնդել է, որ Ուկրաինայի տարածքում գտնվում է օրինական հիմունքներով, առավոտյան իր փաստաբանը երկրի միգրացիոն ծառայությանն է ներկայացրել լրացուցիչ պաշտպանության մասին իր դիումը, և այժմ, օրենքի պահանջով, Ուկրաինայի իշխանություններն «իր հետ պետք է գնան դատարան»:

Ուկրաինայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչները՝ նախագահը, վարչապետը, գլխավոր դատախազը և ներքին գործերի նախարարն այսօր դատապարտել են Սաակաշվիլիի արարքը՝ սպառնալով պատասխանատվության ենթարկել վերջինիս: Նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ Սաակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու իր որոշումը դատարանում չի բողոքարկվել, չնայած արդեն մեկուկես ամիս է անցել: «Փոխարենը կատարվել է հանցագործություն՝ խախտվել է պետական սահմանի անձեռնմխելիությունը, խախտվել է սահմանադրական կարգ, իսկ դա ազգային անվտանգության հարց է»,- ասել է Պորոշենկոն, հավելելով, որ հարցը քաղաքական մեկնաբանությունների կարիք չունի, այն դիտարկվելու է բացառապես իրավական տեսանկյունից: Ուկրաինայի նախագահը նաև ասել է, որ սահմանապահները ճիշտ են արել, որ զենքի չեն դիմել:

Սաակաշվիլին արդեն արձագանքել է Պորոշենկոյին, ասելով, թե հանցագործությունն իրեն քաղաքացիությունից զրկելն էր, ինչն արվել է Սահմանադրության խախտմամբ, կեղծելով իր ստորագրությունը: «Մեդվեդչուկն է հանցագործ, ում հետ նրանք ամեն օր գործ են ունենում: Ախմետովն է ինձ համար հանցագործ, որովհետև այս պատերազմում նա մեղավոր է Պուտինի հետ միասին»,- նաև ասել է Սաակաշվիլին, թվարկելով ուկրաինացի մեծահարուստ օլիգարխներին:

Նա ընդգծել է՝ սա միայն իր պայքարի սկիզբն է, ինքն Ուկրաինա է վերադարձել առաջին հերթին դատարանում իր իրավունքները պաշտպանելու համար: Օդեսային նախկին նահանգապետն ասել է, թե մտադիր է շրջել Ուկրաինայի բոլոր նահանգներով և միավորել տարբեր քաղաքական ուժերի՝ «ժողովրդավարություն հաստատելու և օլիգարխների պարտադրանքից ազատվելու համար»:

Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոսմանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ ուժով սահմանը ճեղքելը հանցագործություն է, և դրա կազմակերպիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Նա կոչ է արել ձեռնպահ մնալ երկրի իրավիճակն ապակայունացնող քայլերից: «Ժամանակն է պայքարել պետության, այլ ոչ՝ իշխանության համար»,- նշել է Գրոսմանը: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովն էլ հայտարարել է, որ Սաակաշվիլիին Ուկրաինայի պետական սահմանն անօրինականորեն հատելու համար քրեական լուրջ մեղադրանքներ են սպառնում: Իսկ Սաակաշվիլիի արարքը նա բնորոշել է «հարձակում պետական ինստիտուտների վրա»:

«Ֆեյսբուքի» իր էջում Ավակովը նաև գրել է՝ Սաակաշվիլին և նրա հետ սահմանը անօրինաբար հատած մյուս անձինք երկու տարբերակ ունեն՝ կամ վերադառնալ սահմանային անցակետ՝ փաստաթղթային ձևակերպումների համար, կամ ներկայանալ միգրացիոն ծառայություն: Ավակովը նշել է, որ սահմանի ճեղքմանը մասնակից բոլոր անձինք, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորները, ցուցմունքներ տալու համար պետք է ներկայանան ոստիկանություն: «Սահմանը ճեղքելու, սահմանապահների վրա հարձակվելու միջադեպին մասնակից յուրաքանչյուրի ինքնությունը պարզվելու է և բոլորը պատժվելու են ըստ օրենքի»,- գրել է Ավակովը:

Ուկրաինական ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել սահմանն անօրինական կերպով հատելու հոդվածով, որով մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսված: Ոստիկանությունը հաղորդում է, թե անցակետում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում իրավապահ համակարգի 11 աշխատակից է տուժել: Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն Սաակաշվիլիին և նրա հետ սահմանը հատած մարդկանց քրեական պատասխանատվության ենթարկելու կոչ է արել:

Հուլիսի վերջին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Միխեիլ Սաակաշվիլիին զրկել էր Ուկրաինայի քաղաքացիությունից: Սեպտեմբերի 5-ին Կիևը Վրաստանից երրորդ հայցն էր ստացել՝ Սաակաշվիլիին արտահանձնելու հետ կապված: Վրաստանում նրա գործողություններին առնչվող մի շարք քրեական գործեր են հարուցված: Չնայած այս ամենին, Վրաստանի նախկին նախագահն ազատորեն ճամփորդում էր եվրոպական երկրներով, իսկ երեկ երեկոյան հարյուրավոր համակիրների օգնությամբ ճեղքելով սահմանապահների դիմադրությունը՝ մտավ Ուկրաինա:

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ իրեն ապօրինաբար են զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից: Երեկվա իրադարձությունների առիթով Վարշավայում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է Լեհաստանի արտգործնախարարություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG