Մատչելիության հղումներ

Գեղարքունիքի դատարանի նախագահի և մյուսների գործի նախաքննությունը ավարտվել է


ԱՄՆ 100-դոլարանոց թղթադրամներ, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) այսօր հաղորդում է, որ ավարտվել է երեք բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և ևս 10 անձի վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննությունը, գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ նախաքննության արդյունքում, ըստ հաղորդագրության, բացահայտվել են տարաբնույթ, այդ թվում` առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության բազմաթիվ դրվագներ, որոնցում ներգրավված է եղել 13 անձ, այդ թվում դատական իշխանության երկու ներկայացուցիչ` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը, նույն դատարանի դատավորը, ինչպես նաև մարզի դատախազության դատախազը:

«Այսպես, նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Վարդենիս քաղաքում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության և դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գոռ Գալստյանի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանը մեղադրյալի ծնողներ Կամո և Մելանյա Գալստյաններից 2015 թվականի հունիսին պահանջել ու ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, և Գոռ Գալստյանը կալանավորվել է: Բացի այդ, Կամո և Մելանյա Գալստյանները, իրենց որդուն ավելի մեղմ պատասխանատվության ենթարկելու և նույն գործով մեղադրյալ իրենց բարեկամին պատասխանատվությունից ազատելու համար Վարդենիսի բնակիչ Հայկ Կարապետյանի և Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանի միջոցով գործով վարույթ իրականացնող` հիշյալ դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանին տվել են 11.343.373 ՀՀ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերով` 23.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո վերջինս կայացրել է նախապես պայմանավորված ապօրինի դատական ակտը», - փոխանցում է ՀՔԾ-ը:

Ըստ նույն աղբյուրի՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է կաշառքի միջնորդության և դատական իշխանության ներկայացուցիչների կողմից կաշառք ստանալու ևս մեկ դեպք․ - «Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահն ու նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը, հիշյալ մարզի Ձորագյուղ համայնքի բնակիչ Զարիկ Գրիգորյանի անշարժ գույքի կապակցությամբ վճռի պարզաբանում տալու համար, խմբով, առանձնապես խոշոր չափերով կաշառք են ստացել: Մասնավորապես, Զ. Գրիգորյանի ամուսինը` Ռոբերտ Գրիգորյանը, փաստաբան Էդվարդ Չինարյանի միջնորդությամբ հիշյալ դատարանի նախագահին և դատավորին տվել է 1.011.600 ՀՀ դրամին համարժեք 120.000 ՌԴ ռուբլի կաշառք, որի արդյունքում դատավոր Վանիկ Վարդանյանը կայացրել է նախապես պայմանավորված ակնհայտ ապօրինի դատական ակտը: Ավելին, ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ Խաչատուր Դադոյանը, Արմեն Բարսեղյանն ու Վրույր Վարդանյանը չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու դատարանի կողմից ակնհայտ անհիմն որոշում կայացնելու համար դատարանի նախագահին ու դատավորին վերջիններիս պահանջով տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք դրվել են որոշման հիմքում»:

ՀՔԾ-ը շարունակում է, որ նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից կատարված հանցագործության դեպք, որում դարձյալ ներգրավված են եղել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանն ու նրա ընկերը` նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանը․ - «Մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող Լիպարիտ Մարգարյանին իր նախընտրած խուց տեղափոխելու համար նույն հիմնարկի պաշտոնատար անձը` Լաուրա Մարտիրոսյանը, Կ. Մարտիկյանի միջոցով Հ. Կարապետյանից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 45.000 ՀՀ դրամ, ապա` օգտագործելով իր ծառայողական դիրքը, կալանավորին տեղաբաշխել այլ խուց»:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանքներ են առաջադրվել.

Աղվան Պետրոսյանին՝ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (2 դրվագ), Վանիկ Վարդանյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, Սևակ Շհոյանին՝ ՔՕ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, Կարեն Մարտիկյանին՝ ՔՕ 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), Հայկ Կարապետյանին՝ ՔՕ 313-րդ հոդվածի 1-ին մասով և 34-312-րդ հոդվածի 1-ին մասով, Մելանյա Գալստյանին՝ ՔՕ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), Կամո Գալստյանին՝ ՔՕ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ), Էդվարդ Չինարյանին՝ ՔՕ 313-րդ հոդվածի 1-ին մասով, Ռոբերտ Գրիգորյանին՝ ՔՕ 312-րդ հոդվածի 1-ին մասով, Խաչատուր Դադոյանին՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, Արմեն Բարսեղյանին՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, Վրույր Վարդանյանին՝ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով, Լաուրա Մարտիրոսյանին՝ ՔՕ 311-րդ պրիմ հոդվածի 1-ին մասով:

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի, վերջինիս վարորդ Կարեն Մարտիկյանի, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանի, Գեղարքունիքի մարզի դատախազ Սևակ Շհոյանի և նույն մարզի բնակիչ Հայկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG