«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հրապարակել են իրենց կուսակցության ծրագրային դրույթներն ու գործունեության հիմնական սկզբունքները, և եթե այդ դրույթներն ու սկզբունքներն ընդունելի լինեն այլոց համար, պատրաստ են համագործակցել:
Փոստանջյանն, այդուհանդերձ, ընդգծեց․ «Կարող եմ ասել, որ մենք ընդդիմադիր դաշտում գործընկերներ չունենք»: Նրա խոսքով, իրենք միայն հանրահավաքներով չէ, որ փորձելու են հասնել իրենց նպատակներին: «Պետք է լինի հստակ օրակարգ, մեր օրակարգը մենք հրապարակել ենք, մենք այդ օրակարգի շուրջ ենք պատկերացնում փոփոխությունները: Եթե չկա նման օրակարգի շուրջ փոփոխությունների ցանկություն, ապա միայն հանրահավաքով և «Սերժ Սարգսյանին դեմ ենք» ասելով արդյունք չի լինի, ես չեմ կարծում, որ դա արդյունավետ է: Այս 25 տարիները դա են ցույց տվել, որ այդպես արդյունավետ չէ:
Ի վերջո մենք պետք է համաձայնենք, որ փոխում ենք այս համակարգը, վերացնում ենք այն: Վերացման համար պետք է վերացնես այս համակարգի արմատները: Համակարգի արմատները նաև մարդկանցով է պայմանավորված: Այդ մարդիկ չպետք է լինեն ապագա քաղաքական վերանախավում: Այն բոլոր դերակատարները, որ այս 25 տարիներին եղել են, նրանք պետք է բացառվեն»,- ասաց Զարուհի Փոստանջյանը, հավելելով, որ մի շարք, այդ թվում ընդդիմադիր ուժերում ընգրկված են մարդիկ, որոնք ընդգրկված են եղել «այս արատավոր համակարգում» և «արատավոր երևույթները նաև իրենցից են բխել», հետևաբար՝ «նրանց ևս պետք է բացառել»:
«Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի սեպտեմբերի 10-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․