Մատչելիության հղումներ

Գերմանիա-Թուրքիա հակամարտությունը է՛լ ավելի է սրվում


Թուրքական Gunes թերթում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկայացված է որպես «կին Հիտլեր, տգեղ մորաքույր», մարտ, 2017թ․
Թուրքական Gunes թերթում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկայացված է որպես «կին Հիտլեր, տգեղ մորաքույր», մարտ, 2017թ․

Թուրք - գերմանական հակամարտությունը շարունակում է խորանալ. Անկարան պաշտոնապես հորդորում է իր քաղաքացիներին առաջիկա շաբաթներին Գերմանիա չգնալ, գերմանաբնակ թուրքերին էլ կոչ է անում զերծ մնալ քաղաքական բանավեճերից ու հանրահավաքներից՝ սեպտեմբերի վերջին դաշնային հանրապետությունում կայանալիք ընտրություններից առաջ:

«Այդ երկրում քաղաքական առաջնորդներն իրենց նախընտրական արշավը կառուցում են Թուրքիայի դեմ հայտարարությունների և Եվրամիությանը մեր երկրի անդամակցությանը խոչընդոտելու վրա», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարությունը, ընդգծելով՝ կանցլեր Անգելա Մերկելի վերջին ելույթներն ակնհայտ այլատյացության տարրեր էին պարունակում, սակայն Գերմանիայի պաշտոնյաներից որևէ մեկը որևէ քայլ չձեռնարկեց այդ ուղղությամբ:

«Սա չհաջողված կատակ է», - արձագանքել է Մերկելի աշխատակազմի ղեկավար Պիտեր Ալտմայերը Թվիթերում՝ հավելելով. - «Նացիստական ժամանակների հետ զուգահեռները վիրավորում են մեր արժանապատվությունը»:

Ժամեր անց խոսել է նաև կանցլեր Անգելա Մերկելը, արձանագրելով՝ Գերմանիան ապահով երկիր է, այդ Թուրքիայում են մարդկանց անհիմն ձերբակալում:

«Այսօր ծագումով թուրք գերմանացի լրագրող Դեբիզ Յուջելի ծննդյան 44-րդ տարեդարձն է, ով փետրվարից գտնվում է թուրքական բանտում: Նրան, ինչպես նաև Գերմանիայի մյուս 11 քաղաքացիներին լրիվ անհիմն են պահում կալանավայրում: Ուզում եմ շատ հստակ ընդգծել՝ Թուրքիայի բոլոր քաղաքացիները կարող են Գերմանիա այցելել, այստեղ որևէ լրագրողի չեն ձերբակալում ու պահում կալանավայրում: Այստեղ գերիշխող են խոսքի ազատությունն ու օրենքի գերակայությունը, և մենք հպարտ ենք դրանով», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը:

Խորհրդարանական ընտրություններից շուրջ երկու շաբաթ առաջ Թուրքիան դարձել է գերմանական ներքաղաքական բանավեճերի հիմնական թեմաներից մեկը, և պատահական չէր, որ կանցլերի հայտարարությանը հետևեց նրա հիմնական մրցակից Մարտին Շուլցի արձագանքը: «Անկարայի կառավարությունը կորցնում է չափի զգացողությունը», - ասել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդը Spiegel-ի կիրակնօրյա հավելվածին: Ավելի վաղ՝ նախընտրական բանավեճերի ժամանակ, Մերկելն ու Շուլցը քննադատել էին Թուրքիայի ներկայիս քաղաքականությունը և պնդել, որ բռնապետության ուղին որդեգրած Անկարան տեղ չունի եվրոպական ընտանիքում:

«Եթե ես դառնամ կանցլեր, ոչ միայն չեղյալ կհամարեմ փախստականների ընդունման շուրջ Թուրքիայի հետ ձեռք բերված համաձայնագիրը, այլև կպահանջեմ դադարեցնել անդամակցության շուրջ բանակցությունները Անկարայի հետ. մենք հասել ենք մի կետի, երբ պետք է դադարեցնենք ֆինանսական ու տնտեսական կապերը՝ ընդգծելով, որ Թուրքիան հատել է թույլատրելիի բոլոր սահմանները, և որ այդ երկիրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ»», - հայտարարել է Մարտին Շուլցը:

Թուրքիայի նախագահն այս հայտարարություններին ի պատասխան «ֆաշիստ» էր որակել Գերմանիայի քաղաքական առաջնորդներին, գերմանաբնակ թուրքերին էլ կոչ էր արել դեմ քվեարկել ու «մի լավ դաս տալ նրանց» սեպտեմբերի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG