Մատչելիության հղումներ

Թուրք-գերմանական դիվանագիտական սկանդալը շարունակում է խորանալ


Բեռլինում Թուրքիայի դեսպանատունը, արխիվ

Թուրք-գերմանական դիվանագիտական սկանդալը շարունակում է խորանալ: Բեռլինն այսօր հայտարարեց, թե, ի թիվս այլ սահմանափակումների, վերանայում է նաև Անկարային զենք-զինամթերք մատակարարելու հարցը: Ավելին, կանցլեր Անգելա Մերկելի աշխատակազմի ղեկավար Փիթեր Ալթմայերը հրապարակավ հաստատեց, որ Բեռլինը համոզում է Եվրամիության մյուս անդամներին սառեցնել Թուրքիային տրամադրվող շուրջ 4․5 միլիարդ եվրոյի աջակցությունը:

«Թուրքիան ֆինանսական օգնություն է ստանում Եվրամիությունից՝ անդամակցության համար բարեփոխումների նպատակով, սակայն բուն բանակցությունները դադարեցվել են, քանի որ բոլոր ոլորտներում իրավիճակը գնալով վատթարանում ու բարդանում է», - հայտարարեց Ալթմայերը:

Գերմանական կառավարությունն ընդգծում է՝ պատրաստ է դիմել Անկարայի դեմ այլ քայլերի ևս, եթե դրանց անհրաժեշտությունն առաջանա: Բարձրաստիճան պաշտոնյաներն էլ չեն դադարեցնում սպառնալիքների ու մեղադրանքների տարափը:

Ներքին անվտանգության հարցերով երկրի գլխավոր պատասխանատուն՝ Հետախուզական գործակալության ղեկավար Հանս-Գեորգ Մաասենը, մասնավորապես, այսօր հրապարակավ պնդել է, թե Թուրքիայի կառավարության գաղտնի գործակալները ակտիվ գործունեություն են ծավալում Գերմանիայի տարածքում՝ երկրի օրենքներին հակառակ տեղեկություններ հավաքագրելով Էրդողանի ընդդիմախոսների վերաբերյալ:

«Թուրքիան ինձ հիշեցնում է կոմունիստական Գերմանիան, ուր ուղևորվող մարդիկ գիտեին՝ եթե քեզ հետ այնտեղ մի բան պատահի, որևէ մեկը չի կարող օգնել», - իր հերթին, Bild-ին ասել է Գերմանիայի քաղաքական դաշտի ազդեցիկ դեմքերից մեկը՝ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն:

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակիցների՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն է՛լ ավելի սրվեցին այս շաբաթ, երբ թուրքական դատարանը որոշեց երկարաձգել վեց իրավապաշտպանների, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդների կալանքը: Վերջիններս զբաղվում էին Թուրքիայի նախագահի ընդդիմախոսների պաշտպանությամբ և այժմ կարող են կանգնել դատարանի առաջ՝ «ահաբեկչությանն աջակցելու» համար: «Թուրքիան ոչ միայն կամայական ձերբակալություններ է սկսել, այլև չի պահպանում հյուպատոսության նվազագույն չափանիշները՝ թույլ չտալով մեզ այցելել ճաղերի ետևում հայտնված մեր քաղաքացուն», - հայտարարել է ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն՝ հավելելով․ - «Եթե Անկարան չդադարեցնի այս վտանգավոր խաղերը, մենք ստիպված կլինենք ասել մարդկանց՝ «եթե գնաք Թուրքիա, մենք ձեր անվտանգությունը չենք կարող երաշխավորել»:

Երկրի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը երեկ, ըստ էության, այս մասին առաջին նախազգուշացումն արդեն արեց՝ հորդորելով գերմանացիներին խուսափել Թուրքիա այցելելուց, ինչը կարող է մեծ հարված հասցնել այդ երկրի տնտեսությանը: Գաբրիելը տեղեկացրեց՝ Բեռլինը արմատապես վերանայում է հարաբերությունները Թուրքիայի հետ, որպեսզի Անկարայի պաշտոնյաները հասկանան՝ իրենց քաղաքականությունն անհետևանք չի կարող մնալ:

«Այս պայմաններում ես չեմ պատկերացնում՝ ինչպես կարող է Գերմանիայի կառավարությունը երաշխավորել գերմանական ընկերությունների ներդրումները Թուրքիայում, ուր անհասկանալի որոշումներ կարող են կայացվել քաղաքական շարժառիթներով», - ասաց Գերմանիայի արտգործնախարարը:

Պաշտոնական Անկարան, մինչդեռ, անդրդվելի է: Գերմանիան չի կարող վախեցնել Թուրքիային սպառնալիքներով: Այս մասին ժամեր առաջ Ստամբուլում հայտարարել է նախագահ Էրդողանը՝ կրկին պնդելով, թե թուրքական դատարանները գերմանականից արդար ու անաչառ են:

«Ուզում եմ հիշեցնել իմ գերմանացի ընկերներին ու ողջ աշխարհին՝ դուք ուժեղ չեք այնքան, որ կարողանաք վարկաբեկել Թուրքիան և երբեք չեք լինի այնքան հզոր, որ կարողանաք վախեցնել մեզ այսպիսի քայլերով»,- ասել է Թուրքիայի ղեկավարը: Արձագանքելով քննադատություններին, թե Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը գնալով վատթարանում է, Էրդողանը պնդել է՝ թուրքական դատարանները գերմանականից ավելի անաչառ ու արդար են․ «Այդ Գերմանիան է երկակի չափանիշներ կիրառում՝ ապաստան տալով ահաբեկիչներին»:

«Մենք թույլ չենք տա, որ որևէ մեկը Թուրքիայի դատական համակարգին թելադրի՝ ինչն է ճիշտ և ինչ պետք է անել»,- ավելի վաղ հայտարարել էր արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ խոստանալով «ամենայն լրջությամբ» գնահատել Գերմանիայի գործողություններն ու «համարժեքորեն արձագանքել»:

Թուրքիայի կառավարության տնտեսական թևի պատասխանատուները, մինչդեռ, ակհայտորեն հակված են հարթել լարվածությունը: «Բեռլինը շարունակում է մնալ մեր ռազմավարական գործընկերը Եվրոպայում»,- այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ կոչ անելով «սառը դատել»՝ երկկողմ հարաբերությունները չվնասելու համար: Էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին էլ «Ռոյթերզի» հետ զրույցում հավաստիացրել է՝ Թուրքիայում գործող շուրջ 6800 գերմանական ընկերություններին որևէ բան չի կարող սպառնալ:

«Գերմանական ներդրումները 100 տոկոսով երաշխավորված են Թուրքիայի պետության կողմից, դրանք ապահովագրված են թուրքական օրենքներով ու արդարադատությամբ, ունեն միևնույն իրավունքները, ինչ թուրքական ընկերությունները և անգամ մի փոքր ավելի արտոնյալ վիճակում են»,- հայտարարել է նախարարը:

Աշխարհում թուրքական ապրանքների թիվ մեկ սպառման շուկան Գերմանիան է: Անցած տարի միայն Թուրքիայից Գերմանիա է արտահանվել շուրջ 14 միլիարդ եվրոյի ապրանք, երկկողմ առևտրաշրջանառությունն էլ գերազանցել է 37 միլիարդ եվրոյի շեմը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG