Մատչելիության հղումներ

Հոգևոր առաջնորդների հանդիպում կազմակերպելով՝ Մոսկվան ընդգծում է իր դերակատարությունը․ Քաղաքագետ


Ստեփան Դանիելյանը «Ազատության» տաղավարում, արխիվ
Ստեփան Դանիելյանը «Ազատության» տաղավարում, արխիվ

Վեց տարվա ընդմիջումից հետո, ռուսաց պատրիարքի նախաձեռնությամբ, վերստին հանդիպել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի հոգևոր առաջնորդները:

Մոսկվայի Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում երեկ կայացած հանդիպումից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, մասնավորապես, ընդգծելով․ «Հայ և ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը»:

Նշելով, որ խիստ կարևոր է հրաժարվել ռազմատենչ և թշնամական հռետորաբանությունից, կոչ անելով նպաստել գերության մեջ հայտնված խաղաղ բնակիչների ազատ արձակմանը, խիստ կարևորելով կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունը՝ հոգևոր առաջնորդները նաև հորդորում են երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության և փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության և ավանդական բարոյականության ոգով ու պատրաստակամություն են հայտնում պաշտպանել ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղարար նախաձեռնությունները։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի խոսքով, նման հանդիպում կազմակերպելով՝ Ռուսաստանը նպատակ ունի ցույց տալ, որ ղարաբաղյան կարգավորման գործընթացում ինքն է գլխավոր դերակատարը: «Ռուսաստանն Արևմուտքին ցույց է տալիս, որ Արցախի հարցով ինքը նաև այլ գործիքակազմ ունի, հոգևոր առաջնորդներին, և ինքը գլխավոր դերակատարն է: Առավել ևս հիմա, երբ քննարկվում է Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու խնդիրը, ու նաև Թուրքիան է այդ ուղղությամբ որոշակի քայլեր կատարում՝ վատացնելով Արևմուտքի հետ հարաբերությունները: Այդպիսով Ռուսաստանը փորձում է ուժեղացնել իր դիրքերը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփան Դանիելյանը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ռուսաց պատրիարքի նախաձեռնությունը նոր չէ: Երեք երկրների հոգևոր առաջնորդների նմանատիպ առաջին հանդիպումը կայացավ դեռևս 1993 թ․ մայիսին, Մոսկվայում: Իսկ Պատրիարք Կիրիլի նախորդ նախաձեռնությունն իրականացվեց հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի կողմից ներկայացվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մի փաստաթուղթ, որը հետագայում ստացավ «կազանյան» անվանումը:

2011 թ․ հունիսին Կազան քաղաքում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին ներկայացրեց այդ փաստաթութղը, որը, ըստ Հայաստանի նախագահի, Ադրբեջանի ղեկավարը վերջին պահին հրաժարվեց ստորագրել:

Ռուսաց պատրիարքի նախաձեռնությամբ երեք երկրների հոգևոր առաջնորդների հանդիպումներ են տեղի ունեցել 2010 թ․ ապրիլին Բաքվում և 2011 թ․ նոյեմբերին Երևանում: Ստեփան Դանիելյանը նշում է․ «Մի կարևոր պահի մասին կցանկանայի անպայման խոսել, նկատի ունեմ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդի վերջին հարցազրույցը, որն իմ կարծիքով կապ ուներ այսօրվա գործընթացների հետ:

Երբ ՄԽ համանախագահները համատեղ հայտարարություն են անում, դա ուղղված է Հայաստանին և Ադրբեջանին, իսկ երբ նրանք առաձին-առանձին են հայտարարություն անում, դա ուղղված է միմյանց: Նշանակում է՝ միջնորդներն ինչ-որ հարցում անհամաձայնություն ունեն, ինչի մասին հայտնում են: Հոգլանդի հայտարարությունն, ըստ էության, ուղղված էր Ռուսաստանի դեմ, իսկ հիմնական մեխն այն էր, որ առանց մեզ քայլեր չանեք: Եթե այս հանդիպումը դիտարկենք այդ կոնտեքստում, ապա մենք տեսնում ենք, որ այո՝ Մինսկի խմբի եռանախագահությունում կա անհամաձայնություն, և դա արդեն արտահայտվում է»,- շարունակեց քաղաքագետը:

Ըստ նրա, հոգևոր առաջնորդների այս հանդիպումը հարկավոր էր նաև Ադբեջանին: «Վերջին տարիներին Ադրբեջանում պատերազմի քարոզչությունն այնքան հզոր կերպով է տարվել, որ այդ երկրի իշխանությունները պետք է կամ պատերազմ սկսեն, կամ հանրությանն ինչ-որ կերպ բացատրեն, թե ինչու հիմա պատերազմ չեն սկսում: Այս հանդիպումը Ադրբեջանին նման «թայմ աութի» հնարավորություն է տալիս», - ասաց Ստեփան Դանիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG