Մատչելիության հղումներ

Փաստաբանների պալատում ՓՊ նախագահի ընտրություններն ավարտվեցին


Արա Զոհրաբյանը մասնակցում է ՓՊ նախագահի ընտրություններին, 9-ը սեպտեմբերի, 2017 թ․

Հայաստանի Փաստաբանների պալատում այսօր ՓՊ նախագահ էին ընտրում: Ընտրությունը, սակայն, մեծ չէր՝ առաջադրված էր միայն գործող նախագահ Արա Զոհրաբյանի թեկնածությունը:

Ժամը 18-ին քվեարկությունն ավարտվել է, ինչից հետո սկսվել է քվեների հաշվարկը: Փաստաբանների պալատից «Ազատությանը» փոխանցեցին, որ ընտրելու իրավունք ունեցող 1852 փաստաբաններից քվեարկել է 1086-ը, ինչը նշանակում է, որ քվորումն ապահովված է, և ընտրությունները կայացել են:

Մի խումբ փաստաբանների կողմից տևական ժամանակ սուր քննադատության ենթարկվող Զոհրաբյանն այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ կցանկանար մրցակցել իր որևէ ընդդիմախոսի հետ: Իր հաղթանակի հնարավորությունները, սակայն, Զոհրաբյանը չգնահատեց:

«Ես նման մեծամտական կարծիք չէի ներկայացնի, թե որևէ մեկը չհամարձակվեց մրցակցել ինձ հետ: Բայց կարծում եմ՝ լավ կլիներ, որ այն գործընկերները, որոնք իրոք համարում են, որ ես բացասական գործունեություն եմ ծավալում, առաջադրեին իրենց թեկնածուին՝ ի հակակշիռ այս կարգավիճակի կամ այս իրավիճակի»,- ասաց Զոհրաբյանը: Երկրորդ անգամ՝ չորս տարով փաստաբանական հիմնական կառույցը ղեկավարելու համար Զոհրաբյանը պետք է ստանա քվեների կեսից ավելին:

ՓՊ նախագահի այսօրվա ընտրությունները բոյկոտել են Արա Զոհրաբյանին քննադատող մի խումբ փաստաբաններ: Նրանք պնդում են, որ տեղի ունեցողը «ձևական գործընթաց է»: Զոհրաբյանի քննադատներից փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով չորս տարի առաջ պալատի նախագահի ընտրություններում պարտվել էր ՓՊ ներկայիս նախագահին, այսօրվա ընտրությունները «բեմադրություն» որակեց: «Սա թատրոն է, ինչ որ կատավրում է, որովհետև ով քիչ թե շատ տեղյակ է պալատից, նա չէր մասնակցի այս թատրնին»,- «Ազատությանն» ասաց Աթանեսյանը:

Նրա պնդմամբ՝ Զոհրաբյանն իր հաղթանակն ապահովելու համար մարզերից ավտոբուսներով փաստաբաններ է բերում ընտրության: «Ազատության» հարցին ի պատասխան՝ պալատի նախագահն այսօր ասաց, որ իրենք պարզապես մարզային փաստաբաններին հնարավորություն են տալիս՝ կատարելու իրենց քվեարկությունը, և «դրանում որևէ կեղծիք չկա»:

Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ մոտ ապագայում համերաշխության կոչ է հղելու՝ փաստաբանական համայնքում առկա տարաձայնությունները հարթելու համար․ «Կփորձեմ այնպես անել, որ բոլորը գան դեպի ընդհանուր շահ: Տիգրան Աթանեսյանը նույնիսկ հայց էր ներկայացրել պալատի գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Կարծում եմ՝ սա ուղղակի ընդհանուր շահի դեմ ուղղված քայլ է, բայց բոլոր դեպքերում՝ ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ»:

Ի պատասխան՝ Տիգրան Աթանեսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Փաստաբանների պալատը մեռած կառույց է համարում, իսկ համերաշխության քողի տակ ներկա վիճակի հետ չի հաշտվելու, ընդհանուր շահ էլ «փաստաբանությանը վնասող մարդկանց հետ չունի»: «Չեմ կարող ունենալ ընդհանուր շահ այն մարդկանց հետ, որոնք իմ կոլեգաների դեմ հոդվածներ են պատվիրում, որոնք հարձակում են կազմակերպում փաստաբանական գրասենյակի վրա»,- ասաց Աթանեսյանը:

Բողոքելով դատարաններում իրականացվող խուզարկություններից, ինչպես նաև Փաստաբանների պալատից, սեպտեմբերի 13-ին ավելի քան 180 փաստաբաններ պատրաստվում են մեկօրյա գործադուլ անել: Ընդդիմադիր գործիչ Ժիրայր Սեֆիլյանի ու այլ աղմկահարույց գործերով ներգրավված փաստաբան Տիգրան Հայրապետյանն այսօր «Ազատությանն» ասաց, որ հիմնականում համաձայն է պալատին ուղղված քննադատությունների հետ, բայց, նրա խոսքով՝ այժմ իշխանությունների կողմից «հարձակում կա փաստաբանության անկախության վրա», ուստի՝ պալատում պետք է մեծ վստահություն վայելող նախագահ լինի: Հայրապետյանն ասաց, որ ընտրել է Արա Զոհրաբյանին:

«Ես կուզեի, որ պարոն Զոհրաբյանն անցնի ձայների մեծ առավելությամբ, որպեսզի հնարավոր չլինեն ճնշումները դրսից»,- ասաց Հայրապետյանը: ՓՊ գործող նախագահի օգտին քվեարկած մեկ այլ փաստաբան Ռուբեն Բալոյանն էլ «Ազատությանն» ասաց, որ այլ թեկնածուներ չկան, քանի որ «հասկացել են», որ պալատի գործող նախագահին հաղթելու հնարավորություն չունեն:

Պալատի գործող նախագահի օգտին քվեարկելու համար այսօր ընտրության էր եկել նաև 92-ամյա փաստաբան, երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան Մայիս Ավետիսյանը: ՓՊ նախագահի ընտրության արդյունքները հայտնի կդառնան այսօր ուշ երեկոյան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG