Մատչելիության հղումներ

Ֆրանսիան և Գերմանիան դատապարտում են «Запад 2017» զորավարժությունները


Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները
Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում երեկ տեղի է ունեցել Եվրամիության երկրների պաշտպանության նախարարների ոչ-պաշտոնական հանդիպումը:

Հանդիպումից հետո Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարները մամուլի ասուլիսում դատապարտել են Ռուսաստանի և Բելառուսի՝ մոտ օրերին մեկնարկող համատեղ զորավարժությունները, հայտարարելով, որ «Մոսկվան ձգտում է ռազմական ուժի հզորություն ցուցադրել Եվրամիության և ՆԱՏՕ-ի սահմանների մոտ»:

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պաղլին ասել է, թե ռուսների կողմից ռազմական ուժի ցուցադրությունն «ահաբեկելու ռազմավարություն է»:

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն Լեյդենն էլ ասել է, թե անվիճարկել է, որ դա ռուսների ուժի և հնարավորությունների ցուցադրություն է։ «Ով դրանում կասկածում է, թող տեսնի զորավարժությունների մասնակիցների մեծ քանակը՝ ավելի քան 100 հազար», - ասել է նա:

Մոսկվան և Մինսկը հայտարարել են, որ զորավարժություններին 12 հազար 700 զինծառայող է մասնակցելու, բայց Արևմուտքում համոզված են, որ ներգրավված են լինելու մինչև 100 հազար զինծառայողներ։

Քանակի հարցում մի նրբություն ևս կա՝ 13 հազար և ավելի զինծառայողներ ընդգրկող զորավարժությունները, ըստ Վիեննայի փաստաթղթի, պետք է բաց լինեն դիտարկման համար, բայց Մոսկվան և Մինսկն ավելի ցածր թիվ են հայտարարել և դիտորդներ են հրավիրել ըստ իրենց հայեցողության:

Զորավարժությունների մասնակիցների իրական քանակը թաքցնելուց բացի, Արևմուտքը նաև մտահոգված է, որ զորքերի և ռազմական տեխնիկայի մի մասը հետ չեն վերադարձվի՝ կմնան տեղակայված արևելաեվրոպական ու Բալթյան երկրների սահմանների մոտ:

Ռուսաստանի և Բելառուսի համատեղ «Запад 2017» զորավարժությունները մեկնարկելու են սեպտեմբերի 14-ին շարունակվելու են մինչև սեպտեմբերի 20-ը: Զորավարժությունների մի մասը անցկացվելու է Կալինինգրադի մարզում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG