Փորձելով ցրել «Запад-2017» համատեղ զորավարժությունների հետ կապված Արևմուտքի, հատկապես արևելաեվրոպական և բալթյան երկների մտահոգությունները, Ռուսաստանը և Բելառուսն այսօր որոշակի պարզաբանումներ են ներկայացրել:
Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը հանդիպում է ունեցել Ռուսաստանում հավատարմագրված ռազմական կցորդների հետ: Նա հերքել է Մոսկվային հասցեագրվող մեղադրանքը, թե այդ զորավարժությունները նպատակ ունեն «պլացդարմ ստեղծել»՝ Լիտվան, Լեհաստանը և Ուկրաինան օկուպացնելու համար: Ֆոմինն ասել է, որ նման մեղադրանքները «միֆ են և իրականության հետ ոչ մի կապ չունեն»: Նրա հավաստմամբ՝ զորավարժություններն անցկացվելու են դրսից աջակցություն ստացող ահաբեկիչների դեմ պայքարի սցենարով:
Ռազմական կցորդներին Ֆոմինը նաև ասել է, որ զորավարժություններում ներգրավված զինծառայողների քանակը համապատասխանում է միջազգայնորեն սահմանված նորմերին՝ մասնակցելու են շուրջ 13 հազար զինծառայողներ, մոտավորապես 700 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ, հրետանային-հրթիռային համակարգեր, 70 ռազմական օդանավ և ուղղաթիռներ, մեկ տասնյակ ռազմանավ:
Այսօր ճեպազրույցով է հանդես եկել նաև Բելառուսի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օլեգ Բելոկոնևը: Նա հավաստիացրել է, որ զորավարժություններում ներգրավված բոլոր զինստորաբաժանումները, սպառազինություններով հանդերձ, մինչև սեպտեմբերի 30-ը վերադառնալու են իրենց զորանոցները:
«Запад-2017» զորավարժությունները Բելառուսում, նաև Ռուսաստանի Կալինինգրադի մարզում անցկացվելու են սեպտեմբերի 14-20-ը: Արևելաեվրոպական և բալթյան երկրներին մտահոգում է իրենց սահմանների անմիջական հարևանությամբ անցկացվելիք զորավարժությունների լայնածավալ բնույթը: Այդ երկրների քաղաքական և զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բազմիցս մտահոգություններ են հնչել, որ այդ վարժանքներով հնարավոր է՝ հող է նախապատրաստվում որևէ պատրվակով հարևան երկրների տարածքներ ներխուժելու և օկուպացնելու համար: Այնպես, ինչպես 2014-ին բռնակցվեց Ղրիմը, իսկ Ուկրաինայի արևելյան շրջաններն էլ դուրս բերվեցին Կիևի վերահսկողությունից:
Մտահոգություններն ահագնացել են նաև այն պատճառով, որ հավաստի տեղեկություններ չեն հաղորդվել զորավարժությունների մասնակիցների քանակի վերաբերյալ: Կարծիքներ են հնչել, որ մասնակից հազարավոր զինծառայողների մի մասը հետ չի քաշվելու և տեղակայվելու է վարժանքների վայրում:
Ռուսաստանի և Բելառուսի ներկայացուցիչները, մինչդեռ, հայտարարում են, որ վարժանքներին հետևելու համար արտերկրից դիտորդներ են հրավիրել, հիմնականում արևելաեվրոպական և բալթյան երկրներից: Դիտորդները, սակայն, ներկա են գտնվելու միայն զորավարժությունների վերջնական փուլին, որն անցկացվելու է Լենինգրադի մարզում: