Մատչելիության հղումներ

«Նպատակահարմար չի եղել, առաջնային չի եղել, զորավարժություններին չենք մասնակցել». Շարմազանով


«Նպատակահարմար չի եղել, առաջնային չի եղել, չենք մասնակցել», - երեկ Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գերագույն մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի՝ չմասնակցելու հարցին, որը քննարկումների մեծ ալիք բարձրացրեց։

Հիշեցնենք՝ օրերս Վրաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Հայաստանը վերջին պահին հրաժարվել է մասնակցել Վրաստանում` սեպտեմբերի 3-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին:

Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ հակադարձեց՝ ասելով, որ Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը զորավարժություններին։ Զաքարյանը նաև նշեց, որ Վրաստանում զորավարժությանը չմասնակցելու մեջ «որևէ քաղաքական դրդապատճառ չկա»: Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, մասնավորապես, նշելով․ «Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»:

Երեկ Շարմազանովն ասաց, որ «Հայաստանն իր պաշտպանական, անվտանգային գործողություններն իրականացնում է պլանավորված»։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջի տեղակալը շատ պարզ հայտարարել է, որ «մենք նման համաձայնություն չենք տվել»։ Երկրորդը՝ աժեոտաժը, որ կա, ես նմանեցնում եմ փոթորկի փորձի՝ մեկ բաժակ ջրում, այն էլ պղտոր ջրում, ինչո՞ւ, որովհետև նախ՝ Հայաստանը մասնակցեր, կամ չմասնակցեր, պետք չէ դա գերարժևորել և գերագնահատել։ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանը երբեք չի հայտարարել, որ ինքը գնում է դեպի ՆԱՏՕ և Հայաստանը նման նպատակ չունի։ Եվ նման գնահատականները՝ «մի գիշերվա մեջ կարծիք փոխեցին» և այլն, դրանք ոչ պրոֆեսիոնալ գնահատականներ են, որոնց նպատակն է ոչնչից աղմուկ ստեղծել։ Ի՞նչ է, եթե մենք գնայինք, մասնակցեինք պետք է ՀԱՊԿ-ից դուրս գայի՞նք։ Նպատակահարմար չի եղել, առաջնային չի եղել, չենք մասնակցել, դրանից առաջ մասնակցել ենք, որովհետև մասնակցությունը եղել է հումանիտար բնույթի, մասնակցությունը եղել է ռազմաբժշկական ստորաբաժանման ձևաչափով և այստեղ մենք ունեիք անելիք՝ գնացել և մասնակցել ենք»։

Սրանով չի նշանակում, որ եթե Հայաստանը չի մասնակցում, ուրեմն ՆԱՏՕ-ի հետ որևէ համագործակցությունը դադարեցնում է, ասաց ՀՀԿ խոսնակը։

«Այսինքն՝ նմանատիպ հոդվածները, նմանատիպ գնահատականները, մտորումները իրականությունից հեռու են։ Կրկնում եմ՝ Հայաստանը ՀԱՊԿ անդամ երկիր է, Հայաստանի անվտանգության համակարգի առանցքային տեղը զբաղեցնում է ՀԱՊԿ համակարգը, և մեկ անգամ չէ, որ ես ասել եմ՝ «անվտանգության համակարգում այսօր ՀԱՊԿ-ը Հայաստանի համար այլընտրանք չունի», և եթե նույնիսկ մենք վաղն էլ մասնակցենք ՆԱՏՕ-ի տարբեր զորավարժություններին, կամ խաղաղապահ առաքելություններին, սա չի նշանակում, որ մենք դառնալու ենք ՆԱՏՕ-ի անդամ, և պետք չէ այդպես գերարժևորել», - ասաց Շարմազանովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG