ԱՄՆ նախագահի Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը հինգշաբթի օրը ԱՄՆ Սենատի իրավական հարցերով հանձնաժողովում տեղի ունեցած լսումների ժամանակ պատմել է ռուսաստանցի փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ անցյալ տարի ունեցած հանդիպման մասին։
Թրամփ կրտսերը հրավիրվել էր հրապարակային վկայություն տալ դեռ հուլիսին, հետագայում, սակայն, համաձայնություն էր ձեռք բերվել մասնավոր հանդիպում կազմակերպել հանձնաժողովի կազմի հետ:
Թրամփ կրտսերի խոսքերով՝ այդ հանդիպման ընթացքում քննարկվել է նախագահական ընտրություններում հոր մրցակից՝ Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութերի հարցը։
Հանձնաժողովն ուսումնասիրում է Ռուսաստանի միջամտությունը 2016 թվականի ամերիկյան ընտրություններին: ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրություններում «ռուսական հետքի» շուրջ հետաքննության առանցքային հարցը կայանում է նրանում, թե արդյո՞ք Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև եղել է դավադրություն։
Թրամփ կրտսերը հայտարարել է, թե ո՛չ ինքը, ո՛չ այլոք, որոնց ինքը գիտի, օտարերկրյա որևէ պետության հետ գործարքի մեջ չեն մտել։
Նախագահի որդին՝ խոսելով ռուսաստանցի փաստաբանի հետ հանդիպման նպատակի մասին նշել է, թե Թրամփի թիմի համար կարևոր էր պարզել, թե արդյոք Քլինթոնը «համապատասխանում է» նախագահի պաշտոնին «սակայն Trump Tower-ում տեղի ունեցած հանդիպումը որևէ շարունակություն չի ունեցել», - Դոնալդ Թրամփ կրտսեր խոսքերն է մեջբերում «Նյու Յորք Թայմս» պարբերականը։