Մատչելիության հղումներ

Մոլդովան կմասնակցի ՆԱՏՕ-ի նախաձեռնած զորավարժություններին


Մոլդովայի զինծառայողները պատրաստվում են մեկնել Ուկրաինա՝ մասնակցելու «Արագ եռաժանի» զորավարժություններին, Քիշնև, 6-ը սեպտեմբերի, 2017թ.
Մոլդովայի զինծառայողները պատրաստվում են մեկնել Ուկրաինա՝ մասնակցելու «Արագ եռաժանի» զորավարժություններին, Քիշնև, 6-ը սեպտեմբերի, 2017թ.

Անտեսելով ռուսամետ նախագահ Իգոր Դոդոնի առարկությունները՝ Մոլդովայի բանակի ստորաբաժանումը մասնակցելու է Ուկրաինայում սեպտեմբերի 8-ից 23-ը ՆԱՏՕ-ի նախաձեռնությամբ կայանալիք «Արագ եռաժանի» կոդային անվամբ բազմազգ զորավարժություններին:

Դոդոնը Ֆեյսբուքում գրել է, թե «մոլդովացիների մասնակցությունը արտասահմանում տեղի ունեցող զորավարժություններին անընդունելի է»:

Մինչդեռ, Մոլդովայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ 57 զինծառայող է գործուղելու Ուկրաինա, որտեղ Լեհաստանի հետ սահմանի մոտակայքում 14 երկրներ ներկայացնող 1800 զինծառայողներ մշակելու են ՆԱՏՕ-ի և «Համագործակցություն հանուն խաղաղության» նախաձեռնության ստորաբաժանումների համագործակցության մեխանիզմները:

«Արագ եռաժանի» զորավարժություններին մասնակցում են Բուլղարիայի, Կանադայի, Էստոնիայի, Իտալիայի, Վրաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների զինծառայողները:

1994 թվականին ստեղծված ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» նախաձեռնության անդամներից մեկը նաև Հայաստանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG