Մատչելիության հղումներ

Զոհրաբյանի՝ փաստաբանների գործադուլին չմիանալը որևէ ազդեցություն պետք է չունենա փաստաբանների վրա. Միհրան Պողոսյան


Փաստաբան Միհրան Պողոսյանի համոզմամբ, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ փաստաբանների սեպտեմբերի 13-ի գործադուլին չմիանալը որևէ ազդեցություն պետք է չունենա 180 փաստաբանների վրա։

Հիշեցնենք՝ քաղաքական հնչեղություն ունեցող գործերով փաստաբանները հայտարարում են, որ զննության պատրվակով դատական կարգադրիչներն իրականում ապօրինի կերպով փորձում են իրենց խուզարկել: Փաստաբանները հայտարարում են, որ սեպտեմբերի 13-ին գործադուլ կանեն՝ պահանջելով դադարեցնել «ապօրինի խուզարկությունները»։

Փաստաբանների պալատի նախագահը Արա Զոհրաբյանը հայտարարել է, որ չի միանալու այդ գործադուլին։

«Հիմա այդ հայտարարությանը միանո՞ւմ է ևս մեկ փաստաբան՝ ի դեմս Փաստաբանների պալատի նախագահի, թե չի՞ միանում, դա որևէ ազդեցություն պետք է չունենա 180 փաստաբանների վրա։ Եթե ես միայնակ լինեմ և տեսնեմ իրավական խնդիր է, այստեղ, ես միայնակ գործադուլ կիրականացնեմ և միայնակ իմ իրավունքների պաշտպանությունը մինչև վերջ կիրականացնեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։

Հարցին, թե դա ի՞նչ կփոխի, եթե այդ գործադուլը մեկ օր է տևելու, Պողոսյանը պատասխանեց. - «Տեսեք՝ իմ առաջարկը նախաձեռնող խմբի անդամներից մեկին, որ լինի երեք օր, որպեսզի ավելի հնչեղություն լինի և ավելի կաթվածահար վիճակ ստեղծվի դատական համակարգի հետ կապված, որովհետև իրավիճակ է ստեղծվել, երբ այդ դատական համակարգը՝ քննիչ, դատախազ, դատական կարգադրիչ, իրենց պատկերացնում են մեկ գործառույթ իրականացնող մարմին, այսինքն՝ արդարադատություն իրականացնողը ոչ թե հենց դատարանն է, այլ բոլորով իրականացնում են արդարադատություն և իրենց հակառակորդ դիտում են փաստաբաններին և ամեն կերպ փորձում են փաստաբանների շահերին հակասող և իրենց իրավունքները սահմանափակող գործողություններ անել»։

Փաստաբանների կողմից հնչող այն դիտարկումներին, թե դատարաններում փաստաբաններին նույնականացնում են ամբաստանյալների հետ, Պողոսյանն այսպես արձագանքեց. - «Դա շատ ցավալի և ավանդույթներից եկած գործողության հետևանք է, և դա իր մեջ վտանգներ էլ է պարունակում, որովհետև վաղը, գուցե հենց Ձեր շենքում գտնվող փաստաբանի գրասենյակը, որը որ իրականացնում է տվյալ գործերով մեկի պաշտպանությունը, ցանկանան, ըստ քմահաճույքի, խուզարկել, որովհետև տվյալ գործով պաշտպանություն է իրականացնում և միգուցե այդ պաշտպանությունը իրականացնելու ժամանակ իր գրասենյակում որոշակի իրեր կան»։

Փաստաբանը նշեց, որ գործադուլով ոչ թե հրաժարվում են իրենց պարտականություններից, այլ ուզում են ցույց տալ, որ առանց փաստաբանների Հայաստանն իրավական պետություն համարել շատ դժվար կլինի։

«Մենք դրանով չենք հրաժարվում մեր պատրականություններն իրականացնելուց, այլ դատական համակարգին ուզում ենք ցույց տալ, որ փաստաբանական համայնքը, փաստաբանները և կոնկրետ յուրաքանչյուր փաստաբան առանձին- առանձին փորձում են էս երկրում արդարադատությանը նպաստող մարմին հանդիսանալև առանց փաստաբանների իրավական պետություն անվանել Հայաստանի Հանրապետությունը շատ դժվար կլինի», - ասաց Պողոսյանը։

Փաստաբանը մեկ անգամ ևս ընդգծեց՝ չի կարելի փաստաբանին խուզարկել։ «Երբ որ խնդիրը սկսում ենք տարանջատել, այսինքն, երբ որ հայտարարություններ են տարածվում, որ սա խուզարկություն չէ, զննություն է, արդեն մեծ խնդիր է առաջանում, որովհետև իմ ներքին համոզմամբ, իմ պնդմամբ և դատելով իրավական ակտերից, այս ամենը խուզարկություն է։ Չի կարելի փաստաբանին խուզարկել։ Երբ փորձում ենք դատական կարգադրիչների գործողություններին օրինականության տեսք տալ զննության անվան տակ, արդեն խնդիր է առաջացնում, դա նշանակում է, որ փաստաբանների իրական խնդիրներից տեղյակ չեն այդ մարդիկ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

XS
SM
MD
LG