Մատչելիության հղումներ

Փաստաբանները գործադուլ կանեն՝ պահանջելով դադարեցնել «ապօրինի զննություններն ու խուզարկությունները»


100-ից ավելի փաստաբաններ սեպտեմբերի 13-ին գործադուլ կանեն, «Ազատությանը» տեղեկացրեց փաստաբան Երվանդ Վարոսյանը: Մեկ պահանջ ունեն՝ «ապօրինի զննությունների և խուզարկությունների դադարեցումը»:

«Մենք չենք մասնակցելու այդ օրը նշանակված դատական նիստերին», - նշեց Վարոսյանը:

Քաղաքական հնչեղություն ունեցող գործերով փաստաբանները հայտարարում են, որ զննության պատրվակով դատական կարգադրիչներն իրականում ապօրինի կերպով փորձում են իրենց խուզարկել:

Ըստ դատական դեպարտամենտի, սակայն, փաստաբաններին զննում են, ինչի իրավունքը կարգադրիչներն ունեն: Կարգադրիչների պահանջած զննությունից հրաժարվող փաստաբանների մուտքը դատարանի դահլիճ արգելվում է։ Հատկապես «Սասնա ծռերի» գործով զննությունից հրաժարվող մի շարք փաստաբանների նկատմամբ դատարանը սանկցիաներ է կիրառում նիստերից բացակայելու համար:

Երվանդ Վարոսյանն ասում է՝ գործադուլը բխում է իրենց վստահորդների շահերից․ անպաշտպան, իրավազուրկ փաստաբանը չի կարող արդյունավետորեն ներկայացնել քաղաքացու շահերը: Փաստաբանի խոսքով՝ իրենց գործադուլն, այնուհանդերձ, պայմանական կլինի․ - «Կան իրավիճակներ, երբ դատական նիստերը անհետաձգելի են: Օրինակ՝ կալանքի հարցի քննարկմանը, այնուամենայնիվ, նիստերին մասնակցելու ենք: Խոսքը այդ նիստերին է վերաբերում, որովհետև մեր գործողությունները երբևէ մեր վստահորդի շահերին հակասող չեն կարող լինել»:

«Սասնա ծռերի» անդամ, «Միայնակ գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը ևս կմասնակցի փաստաբանների գործադուլին։ Ասաց՝ իրենց պահանջն ուղղված է իշխանությանը՝ դադարեցնել փաստաբանների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները:

Փաստաբանների պալատը 1800-ից ավելի անդամ ունի: Ղարագյոզյանը հուսով է՝ մինչև սեպտեմբերի 13-ը իրենց պահանջին միացած փաստաբաններ թիվը կմեծանա:

Օգոստոսի սկզբին արած համատեղ հայտարարությամբ հարցին փորձեցին լուծում տալ Փաստաբանների պալատի նախագահն ու Դատական դեպարտամենտի ղեկավարը: Եթե մետաղորսիչը ազդանշան է տալիս փաստաբանի կամ նրա մոտ առկա իրերի զննության ժամանակ, փաստաբանին առաջարկվում է հատուկ առանձնացված պահարանում թողնել մետաղական իրերը և կրկին զննվել մետաղորսիչով։ Երկրորդ զննության դեպքում, եթե կրկին ազդանշան կա, ապա փաստաբանը կարող է զննվել առանձին սենյակում՝ նույն սեռի կարգադրիչի կողմից: Մի շարք փաստաբաններ, սակայն, քննադատել են, նրանց խոսքով, իրավական ուժ չունեցող այդ հայտարարությունը: Փաստաբան Արայիկ Պապիկյանի կարծիքով, օրինակ, լեգիտիմացվում են Դատական դեպարտամենտի ապօրինի գործողությունները:

Արա Ղարագյոզյանին էլ նոր կարգը չի բավարարում․ - «Քանի որ ես վախ ունեմ՝ չեմ վստահում իշխանություններին, շատ հանգիստ կարող է իմ պայուսակում ինչ-որ բան հայտնվի և հետագայում հայտնվեմ քրեական գործ հարուցվի: Ես վստահություն չունեմ՝ նույնիսկ պահարանում եթե դրված է, երկրորդ բանալին նրանց մոտ կա»:

«Սասնա ծռերի» անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ եթե ձեռնարկը արդյունք չտա, չեն բացառում, որ պայքարը լինի շարունակական։

«Ազատության» հետ զրույցում անդրադառնալով փաստաբանների ծրագրած գործադուլին՝ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․ - «Փաստաբաններն ազատ են իրենց գործողություններում»: Խաչատրյանը խոսքով՝ «պատրաստ են նրանց տրամադրել պալատի դահլիճն ու աջակցել լրատվամիջոցների հետ կապված կազմակերպչական հարցերում»։

Փաստաբան Հայկ Ալումյանը հնարավոր է դիմի դատախազություն քրեական գործ հարուցելու պահանջով՝ փաստաբանի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար:

Ալումյանի խոսքով՝ փաստաբանին թե՛ զննելը, թե՛ խուզարկելը անօրինական է։

«Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատասխանատվություն փաստաբանների մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար», - ընդգծում է Ալումյանը: - «Ինձանից պահանջում են ներկայացնել արգելված իրերը, մինչդեռ գոյություն չունի արգելված իր հասկացություն, չկա այդպիսի ցուցակ: Այսինքն ինձանից պահանջում են ներկայացնել մի բան, երբ պահանջողը չգիտի դա ինչ բան է: Կամայականությունը հասել է այն աստիճանի, որ դատական կարգադրիչը հայտարարում է, որ ինքը իրավունք ունի արգելել անգամ շշով ջուր դատարան ներկրել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG