Մատչելիության հղումներ

Ճապոնիան 14 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրի Արտակարգ իրավիճակների նախարարությանը


Սեպտեմբերի 6-ին Արտգործնախարարությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ նվիրված Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին։

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության համաձայն, ընդունելությանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին փոխանակել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի, ինչպես նաև արտգործնախարարների շնորհավորական ուղերձները, ելույթներով հանդես են եկել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին:

Նախարար Նալբանդյանն անդրադարձել է Ճապոնիայի քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին անցյալ շաբաթ Հայաստանի կառավարության ընդունած որոշմանը և նշել, որ Ճապոնիայի կառավարությունն իր հերթին ընդունել է որոշում՝ սեպտեմբերի 1-ից դյուրացնելով Հայաստանի քաղաքացիների համար մուտքը Ճապոնիա:

Արտգործնախարար Նալբանդյանը նաև գոհունակությամբ ասել է, որ ավարտվել են «Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունները՝ ընդգծելով, որ համաձայնագրի ստորագրումը խթան կհանդիսանա փոխշահավետ տնտեսական համագործակցության խորացման համար:

Ընդունելությանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրել են Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ճապոնիայի Կառավարության միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագիրը, որի համաձայն Ճապոնիայի Կառավարությունը Հայաստանին կտրամադրի շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ, որով նախատեսվում է ձեռք բերել շուրջ 36 հրշեջ մեքենա Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական համալրման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG