Մատչելիության հղումներ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները «արդյունավետ» են որակում 6-րդ եռակողմ հանդիպումը


Էլմար Մամեդյարովը, Միխեյիլ Ջանելիձեն և Մևլութ Չավուշօղլուն հերթական եռակողմ հանդիպումից հետո, արխիվ
Էլմար Մամեդյարովը, Միխեյիլ Ջանելիձեն և Մևլութ Չավուշօղլուն հերթական եռակողմ հանդիպումից հետո, արխիվ

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են ավելի խորացնել եռակողմ համագործակցությունը տնտեսության, մասնավորապես, էներեգետիկ, նաև քաղաքական ոլորտներում: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտործնախարար Էլմար Մամեդյարովը իր թուրք և վրացի գործընկերների հետ ունեցած բանակցություններից հետո:

Այս ձևաչափով թվով 6-րդ հանդիպումը, որը տեղի է ունեցել Բաքվում, Մամեդյարովի խոսքով՝ «նույնպես արդյունավետ էր»: Ադրբեջանական կողմի գնահատմամբ՝ «օրինակելի ձևաչափով բանակցությունների շրջանակներում» կողմերը քննարկել են տարածաշրջանային համատեղ ծրագրերը, այդ թվում [Հայաստանը շրջանցող] «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու շինարարությունը:

Վերջին տարիներին Հարավային Կովկասում կյանքի կոչվող՝ թերևս ամենախոշոր այս ծրագրի իրականացումը, հիշեցնենք, շարունակվում է շուրջ 10 տարի։ Ի սկզբանե ծրագրվել էր երկաթուղին շահագործման հանձնել 2011 թվականին, սակայն ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: Այս ծրագրի աջակիցների համոզմամբ, «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին տարածաշրջանում կխթանի տնտեսական զարգացումը, կնպաստի խաղաղության ու կայունության ամրապնդմանը։

Պաշտոնական Թբիլիսին իր անմիջական հարևաններից միայն երկուսի հետ իրականացվող այս ծրագրի կարևորությունը պայմանավորում է «տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությամբ»: Վրաստանի արտգործնախարար Միխեյիլ Ջանելիձեն Բաքվում ամփոփելով իր թուրք և ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումները, ընդգծել է՝ իրենք երեք հարևաններով միջազգային ասպարեզում բավական արդյունավետ են համագործակցում, աջակցում են միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ իր հերթին է վերահաստատել ՝ «Երեք երկրներն աջակցում են միջազգային իրավունքի հիմք հանդիսացող՝ տարածքային անձեռնմխելիության սկզբունքին»: Թուրքիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է նաև, թե այս տարի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի օրակարգում «Ադրբեջանի հետ կապված երկու հարց կներառվի»՝ առանց հստակեցնելու այդ հարցերի բովանդակությունը:

Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների այս հայտարարությունները հաջորդում են նախարար Մամեդյարովի այն կոչին, որով պաշտոնական Բաքուն Անկարային ու Թբիլիսիին հորդորում է ընդլայնել հակամարտությունների կարգավորման հարցում փոխգործակցությունը: «Անկասկած, մենք հանդես ենք գալիս դիվանագիտական ճանապարհով հակամարտությունների կարգավորման օգտին: Հակամարտությունների հարցը քննարկվում է բոլոր միջազգային կազմակերպություններում, և կարծում եմ, որ մենք պետք է էլ ավելի ընդլայնենք այդ հարցում համագործակցությունը»,- հայտարարել էր Մամեդյարովը:

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ ձևաչափով նախորդ՝ հինգերորդ հանդիպումը կայացել էր անցյալ տարի Թբիլիսիում։ Առաջին հանդիպումն էլ անցկացվել է Տրապիզոնում՝ 2012 թվականին: Հետագայում եռակողմ հանդիպումներ եղան նաև նախագահների, ապա նաև՝ պաշտպանության նախարարների մակարդակով։ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների վերջին հանդիպումը կայացավ անցած մայիսին Բաթումիում, ինչին հաջորդեցին համատեղ լայնածավալ զորավարժություններ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG