Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը կասկածելի է համարում հայկական կողմի բացատրությունները՝ կապված Վրաստանում ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցելու՝ Երևանի որոշման հետ:
Հիշեցնենք՝ Հայաստանի աշտպանության փոխնախարարն ասել էր, թե Վրաստանում զորավարժությանը չմասնակցելու մեջ «որևէ քաղաքական դրդապատճառ չկա»: Ավելի ուշ ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, մասնավոևրապես, նշելով․ «Զորավարժությունների մասնակցությունից վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են»:
«Այն ընդհանուր գործընթացը, որը տեղի ունեցավ, կարծես այլ իրականություն է փաստում: Նույնիսկ այդ զորավարժությունների լոգոյում կար Հայաստանի դրոշը, և դժվար է պատկերացնել, որ վարժանքների կազմակերպիչերն առանց Հայաստանի համաձայնության էին լոգոյում տեղադրել երկրի դրոշը:
Կարծում եմ՝ Հայաստանը նախապես համաձայնություն է տվել, հետո վերջին պահին հրաժարվել է: Կարելի է ենթադրել, թե ինչ պատճառներով: Այստեղ շատ կարևոր է Ռուսաստանի հանգամանքը: Կարելի է մտածել, որ Հայաստանը Մոսկվայի ազդեցությամբ է հրաժարվել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ փորձը հուշում է, որ նման բան հնարավոր է: «Նախ՝ ԵՏՄ մտնելու որոշումը Սերժ Սարգսյանը կայացրել է մեկ գիշերում: Իրենք հերքում են, բայց Սարգսյանն այդ մասին, ըստ «Առավոտի», ասել էր նաև 2014 թվականին Չեխիայում: Այդ հրապարակումը մինչ այժմ պաշտոնապես չի հերքվել: Այնտեղ հանդիպում է եղել համայնքի հետ, իրեն հարցրել են՝ ինչու՞ ողջ հայությանը չի հարցրել կամ հանրաքվե չի արել այդ հարցով, Սարգսյանը պատասխանել է, որ ինքը մեկ գիշերում չէր կարող բոլորի կարծիքը հարցնել:
Նման մի փորձ էլ ունեցել ենք 2014 թվականին՝ ՄԱԿ-ում Ուկրաինայի հետ կապված բանաձևի քվեարկության ժամանակ: Մարտի 27-ի ցերեկը ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարեց, որ Հայաստանը ձեռնպահ է քվեարկելու, գիշերը քվեարկեցին դեմ»,- հիշեցրեց Արմեն Գրիգորյանը:
Նրա խոսքով, այստեղ էական է ոչ միայն Ռուսաստանի կողմից գործադրվող ճնշումը, այլև Հայաստանի «չհաշվարկված արտաքին քաղաքականությունը»: