Մատչելիության հղումներ

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները շարունակվելու են. Մոգերինի


Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունները շարունակվելու են», - հայտարարել է Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու՝ Ֆեդերիկա Մոգերինին՝ ընդգծելով Թուրքիայի, որպես գործընկեր երկրի դերակատարությունը տարածաշրջանում:

Նա նշել է, որ տարածաշրջանում տարբեր շատ ասպարեզներում Թուրքիան գործընկեր է մնում և Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկիր: «Այնպես որ, մենք կշարունակենք բանակցությունները, մեր ներքին քննարկումները՝ պարզելու մեր հարաբերությունների ապագան», - երեկ լրագրողներին ասել է Մոգերինին:

Նա միաժամանակ նշել է, որ կան որոշ խնդիրներ, որոնք տարանջատում են դիրքորոշումները։ «Բայց բանակցությունները շարունակվելու են», - կրկնել է նա:

Մոգերինին խոսել է Սլովենիայի Բլեդ քաղաքում, որտեղ մասնակցում է «Բլեդ-2017» ռազմավարական համաժողովին: Այդ համաժողովին մասնակցում է նաև Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հիմնական հակառակորդ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք Եվրամիության գագաթաժողովում առաջարկելու է քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների ապագան՝ ներառյալ անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման հարցը։ Մերկելն այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում, սեպտեմբերի 24-ի ընտրություններից առաջ Բունդեսթագի վերջին նիստում:

Նա Եվրոպային կոչ է արել՝ միավորված լինել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի սադրանքների դեմ:

Բունդեսթագի ընտրությունների քարոզարշավի անցած կիրակի կայացած հեռուստաբանավեճում թե՛ Մերկելը, թե՛ նրա հիմնական մրցակից Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը խստորեն քննադատել էին Թուրքիային՝ երկուսն էլ պնդելով, որ Եվրամիության անդամակցության՝ Անկարայի հետ բանակցությունները պետք է դադարեցվեն:

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը քննադատել էր նրանց հայտարարությունները: Թուրքիայի արտգործնախարարությունը ևս անցած երկուշաբթի հայտարարություն է տարածել՝ քննադատելով Գերմանիայի և Ավստրիայի «հակաթուրքական հռետորաբանությունը», այդ երկրներում աշնանը կայանալիք ընտրություններից առաջ՝ այն համարելով «նախընտրական պոպուլիզմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG