Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, թե Թուրքիան մնում է թեկնածու երկիր` կառույցին անդամակցելու համար, և որ այս հարցով բանակցությունները Անկարայի և Բրյուսելի միջև շարունակվելու են:
Հայտարարությունից մեկ օր առաջ Եվրամիության առաջատար երկրի` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն և խորհրդարանական ընտրություններում նրա հիմնական մրցակից, Սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Մարտին Շուլցը նախընտրական բանավեճի ժամանակ հայտարարել էին, թե Թուրքիան տեղ չունի Եվրոպական ընտանիքում, ինչին հետևել էր Անկարայի կոշտ քննադատությունը:
«Եվրամիությանը անդամակցությունը Թուրքիայի ռազմավարական նպատակներից մեկն է», - հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, հավելելով, որ Անկարան պատրաստ է բանակցությունների, սակայն գործընթացը դանդաղում է՝ քաղաքական խոչընդոտների պատճառով: