Պաշտոնական Թբիլիսին դիմել է Ուկրաինայի իշխանություններին՝ նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու և արտահանձնելու հարցով:
«Վրաստանի դատախազությունից Կիև ուղարկված 94 էջանոց դիմումում նշվում է, որ նախկին նախագահն անցնում է չորս քրեական գործով և մեղադրվում է մի շարք ծանր հանցագործությունների մեջ», - հայտարարել է Ուկրաինայի արդարադատության փոխնախարար Սերգեյ Պետուխովը՝ հավելելով. - «Թբիլիսին երաշխիքներ է տվել Ուկրաինայի գլխավոր դատախազությանը, որ դիմումը քաղաքական ենթատեքստ չունի, Սաակաշվիլին չի հանձնվի երրորդ երկրի և նրա իրավունքները կպաշտպանվեն»:
Հուլիսին նախագահ Պետրո Պորոշենկոն զրկել էր Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից՝ պնդելով, թե նա Կիևից անձնագիր ստանալիս կեղծ տվյալներ է ներկայացրել և չի հաղորդել, որ Վրաստանում իր դեմ քրեական գործեր են հարուցված:
Սաակաշվիլին քաղաքական հաշվեհարդար է որակում այս որոշումները և պատրաստվում է սեպտեմբերի 10-ին Լեհաստանից մտնել Ուկրաինա՝ դատարանով իր քաղաքացիությունը վերականգնելու համար: